▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը վաղուց նմանվել է էս «անպասաժիր» տաքսուն...

Տեսե՞լ եք, ինչպես է մեքենան քշում անուղևոր տաքսիստը. դանդաղ, անշտապ, մայթին կանգնած ամեն մեկի ձեռքի թափահարումին ակնդետ, թափ տված ամեն ձեռքի հետ երթևեկության երկրորդ-երրորդ գծից ընթացող մեքենաների միջով-վրայով առաջին գիծ քաշելու ամեն պահ պատրաստ, գերազանցապես իր վաստակով մտահոգ ու երթևեկության մասնակիցներին՝ անհաղորդ...
...Հայաստանը վաղուց նմանվել է էս անպասաժիր տաքսուն... տաքսի, որը նստելավարձ չունի, բայց որի վազքի մեկ կիլոմետրի գինը սարսափելի թանկ է... տաքսի, ուր վճարում ես ոչ թե ուզածդ տեղը քեզ հասցնելու, այլ ընթացքի համար, վճարում ես, որ ընթացքի ժամանակ դուրս չնետեն կամ չնետվես... տաքսի, որը վարորդները երթևեկության կանոնները սովորում են վթարից՝ վթար ու ոստիկանից՝ ոստիկան... տաքսի, որի անիվները քառակուսի են, դռները չկան, նստատեղն էլ՝ տաբուրետկա... որի միակ արժանիքն ամփոփված է «մեր քուչի սերվիզն ա» եզրույթում....
...ու էս տաքսու վարորդը «ռուսաստաններըմ բիզնեսներ ունեցող», «դոկտըրական պաշտպանած» ու «էս քաղաքում առանց խախտել քշել չի ըլնըմ» հավատամքով տաքսիստն է...
...տաքսիստ, որը ձեզ պիտի օդանավակայան տանի, բայց ուշ է եկել, որովհետև «ավտոն գազով ա, համ էլ ձմեռ ա՝ տաքացնըմ էի, քշերն էլ չեմ քնել՝ շատ եմ աշխատըմ, մնացել էի քնած»... քշել է անգրագետ, արագ ու վտանգավոր, անընդհատ ծխել է, ճանապարհի կեսին մեքենան ջարդուփշուր է արել՝ ձեր ճակատի անմոռանալի հետքն իր դիմապակուն դաջելով, հիմա իջել և ապահովագրողի, տեսուչների ու խփած մեքենաների վարորդների հետ բազար է անում՝ իր կորուստները նվազեցնելու համար, իսկ ձեզ խնդրում է... կապել ամրագոտին և մնալ մեքենայում նստած, քանի որ ձեր այլ տաքսի նստելը չի հանդուրժի...
...վաղուց փորձում եմ հասկանալ թե ինչու Հայաստանում գրեթե չկա գաղափարախոսական բանավեճ ու երկխոսություն... որովհետև Հայաստանում լիբերալիզմ, կոնսերվատիզմ, սոցիալիզմ, նացիոնալիզմ ու այլ «իզմ»-եր չկան, կա մի այն մեկ «իզմ»՝ տաքսիզմ...
...տաքսիզմի գաղափարախոսությունը կրող ժողովուրդն իր գլխին կարգել է տաքսիստների մի ամբողջ գարաժ... ու հիմա ուրիշ անելիք չունի, քան չոբան տաքսիստի պահանջով ձգել ամրագոտին ու սպասել նրա կարգադրությանը. «հասել ենք՝ իջի...»

© Кто заказывал такси на Дубровку?

 

Վահան Ասատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին