▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը մնաց իր անլրջության մեջ

Աստանայում մեզ համար արտակարգը Ալիևի գրած, Պուտինի ու Լուկաշենկոյի հավանությանն արժանացած ու Նազարբաևի կարդացած նամակը չէր, այլ Հայաստանի նախագահի դրսևորած վարքային ու պաշտոնեական ոչ ադեկվատությունը կատարվողին: Ասվածի տոնն ու ձևը ոչ թե միջպետական հարաբերություների ոլորտից էին, այլ  անձնական նսեմացման ու ստորացման:

Ըստ կատարվածի պարզ է, որ սեղանի շուրջ նստածները մեզանից լավ գիտեին մեր նախահագին և նրան իր անձնական տեղն էին ցույց տալիս՝ իրենց շարքում անարժան լինելու տեղը: Նրանում, որ Նազարբաևը  էթնիկապես թուրք է և ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, կասկած չկա: Պուտինի ու Լուկաշենկոյի վարքն էլ թուրք-ռուսական շահերի ծիրում է:

Բայց հարց է ծագում՝ ինչ գործ ուներ ներկա գեոքաղաքական աշխարհի ամենակարևոր խաչմերուկներից մեկի՝ Հայաստանի նախագահը նման հավաքում՝ որպես քավության նոխա՞զ:

Չէ որ մերոնք արդեն 25 տարի է իբր մանևրում էին Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ու տպավորություն կար, որ ներսում կառավարել չիմանալով հանդերձ, ոնց որ թե գոնե մինիմալ  խորամանկություն ունեն կողմորոշվելու աշխարհում և օգտվելու Հայաստանի շահավետ դիրքից: Սակայն սեպտեմբերի 3-ն ու դրանից հետո կատարվածը  ու առավել ևս Աստանայում ամրագրվածը, ցույց են տալիս, որ «տղերքը» դրսում ներսից բեթար են, և չեն էլ հասկանում, թե ինչ են անում:

Այլապես Աստանայից հետո ժողովի չէին հավաքվի ու նոր խրոխտությամբ աշխարհով մեկ հոխորտա, թե մենք ի՞նչ գործ ունենք Ղարաբաղի հետ: 

Հայկական իշխանություններ կոչված յուրօրինակ գոյացությունն իր հազարավոր տգետ պաշտոնյաներով արդեն դառնում է անտանելի ոչ միայն Հայաստանի, հայության, այլև դրսերի համար: Կես դարձած երկրի ներսում փաստացի մարդկային ռեսուրս ու լծակ չկա իշխանափոխության  համար, իսկ դրսում էլ, օգտվելով դրանից, արդեն դրել են Հայաստանի, որպես պետության,  ֆիզիկական վերացման հարցը:

Մենք 25 տարի շարունակ սխալը սխալի ետևից անելով՝ դեռ իբր պետություն ենք, և կործանվում ենք զուտ մարդկային սխալների՝ մասնավորապես նախագահների ծայրահեղ պաշտոնեական անհամապատասխանության պատճառով:

Հասկանալու համար մեր հանդեպ կատարվողը, մտովի ետ վերադառնանք սեպտեմբերի 3-ը, և հասկանանք, թե ինչ է կատարվել այդ օրը:

Արդեն կային երեք երկրների միջև գործող Մաքսային միությունը և խոսակցություններ կազմվելիք Եվրասիական միության մասին: Պուտինը հրավիրեց հայկական նախագահին Կրեմլ և ստիպեց (միգուցե խնդրեց, պարտադրեց, հորդորեց՝ ով գիտի՞) մտնել Մաքսային միություն:

Պուտինը հրավիրեց ու պարտադրեց, բայց ինչո՞ւ նախագահը գնաց ու զիջեց: Չէ որ շատ լավ գիտեր, որ թուրքերը դեմ են լինելու վերջնական որոշմանը, որ Հայաստանի ու ՄՄ միջև ընդհանուր սահման չկա, որ Հայաստանի էնտեղ լինելը-չլինելը զրոյական իմաստ ունի Մաքսայինի համար՝ տնտեսական առումով:

Հետևաբար, խորամանկի համբավ ձեռք բերած նախագահն ու իր խորհրդատուները նույնիսկ մինչև գնալը պետք է հասկանային,  որ կանչում են քաղաքական զիջումների կամ էլ ինչ-որ այլ խաղերի համար խամաճիկ դարձնելու  համար:

Նրանք պետք է փորձեին գոնե կռահել, թե Հայաստանը Մաքսային մտցնելով, Պուտինն ինչ հեռահար նպատակներ է հետապնդում:

Այն ժամանակ արդեն պարզ էր, որ Ուկրաինան էլ է բանակցում Եվրամիության հետ, և Պուտինն ունի Ուկրաինային ներգրավելու՝ Հայաստանից միլիոն անգամ ավելի կարևոր հարցն իր համար: Եվ որ Հայաստանն օգտագործում է որպես խայծ՝ Ուկրաինային ներքաշելու համար: Դա նույնիսկ մանկապարտեզի երեխային հասու հաշվարկ էր: Բայց պարզվեց, որ մեր նախագահի համար դժվար է Պուտինի հետ բանակցելը (ինքը բառացի էր ասել՝ գիտեք՝ հե՞շտ է Պուտինի հետ բանակցելը), և սեպտեմբերի 3-ին Մաքսային միության համար զուտ նեգատիվ ունեցող Հայաստանի միացումն ապահովվեց առանց որևէ առարկության:  

Արդյունքում  Հայաստանը ստիպված եղավ դուրս գալ  Եվրոպայի հանդեպ պարտավորություններից  և խեղկատակ դառնալ աշխարհի առջև: Ապա և ռուսներից առաջ ընկած սկսեց մաքսայինին անդամագրվելու թղթերը սարքել, ու ռուսների կամեցողությամբ միջազգային բանաձևեր քվեարկել:

Մայդանն ու ուկրաինական պրոցեսները եղան-անցան, Ուկրաինան իրոք անկախացավ Ռուսաստանից, Ղրիմն էլ անկախացավ Ուկրաինայից ու իսկույն միացավ Ռուսաստանին: Իսկ Հայաստանը մնաց իր անլրջության մեջ՝ ոնց կար:

Այսօր արդեն սպառնալից վիճակ է մեր մոտ՝ բոլոր առումներով: Պետականությունն իբր կա, բայց իրականում չկա: Նախագահ իբր կա, բայց իրականում չկա: Մաքսային միությունում  անդամություն իբր կա, բայց իրականում չկա: Ղարաբաղն իբր կա, բայց իրականում արդեն չկա:

Հայաստանն ու Ղարաբաղը, այսինքն այն, ինչ ձեռք էր բերվել ամբողջ ազգի զոհաբերումներով, կես ազգի արտագաղթով, հարյուր հազարավորների ճակատագրերի դաժան կործանումով, վերանում է:

Ըստ որում վերանում է արագ, մի քանի ամսվա ընթացքում, մեկ անձի ու նրա իսկ կազմած իշխանականի ոչ ադեկվատության պատճառով՝ առանց նույնիսկ նվազագույն քաղաքական ու դիվանագիտական դիմադրության: Այդ դեպքում քանի՞ կոպեկ արժեն հայկական բանակն ու զենքերը, եթե մեկ մարդը կարող է այդ ամենը հողին հավասարեցնել իր թուլություններով:

Քաղաքական դաշտը անորոշության, շփոթմունքի ու նոկդաունի մեջ է՝ չկողմնորոշվելով, թե ինչ է լինելու և ինչ է հնարավոր անել:

Երկրները կառուցվում են սերունդների ու միլիոնավորների ինտելեկտուալ ու քրտնաջան աշխատանքով: Բայց և կարող են մի գրչի հարվածով վերանալ, եթե գրչին տիրապետելու իրավունք է տրված ոչ համապատասխան մեկին: Անկախությունից ի վեր մենք ձևակերպեցինք Հայաստանը որպես մեկ մարդու կամքին ենթակա ֆեոդալական կալվածք:  

Բայց, ցավոք, 21 դարում ենք և պարտավոր ենք ժամանակի պահանջներին ենթարկվել: Իսկ ենթարկվելն էլ հանգեցրեց այս տխուր երկրին, նրա ողբալի ներկային ու աղոտ ապագային:

Մենք՝ հայերս, փիլիսոփա ժողովուրդ չենք, և իմ խորին համոզմամբ, պետականության մեր ողբալի վիճակի հիմքը հենց դա է:

Նժդեհը մեր մեջ եղած եզակիներից էր, ով աշխարհին էր նայում լայնախոհ փիլիսոփայականով: Եվ հենց այդ փիլիսոփայականն էր, որ նրան տվել էր գիտակցված քաջությունը և պատասխանատվությունը՝ հանդեպ ինքն իրեն, մարդը և ազգը: Ի տարբերություն Նժդեհի՝ մենք ազգովի, օրվա հացով ապրող մահկանացուից վեր չբարձրացանք և ստիպված ենք լինելու ճաշակել նման փոքրության հետևանքները:

Արա Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին