Այս եւ հարակից նշանակության այլ թեմաների վերաբերյալ վերջին տասնամյակում բավական շատ է գրվել եւ պետք է ասել, որ ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն ու Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովը, կարողացել է դրանց ճշգրիտ պատասխանները գտնել եւ խնդիրների կարգավորման իրական ուղենիշները ներկայացնել: Ասվածի լավագույն ապացույցը եւ վերջին օրինակը Հայերի ցեղասպանության 100-տարելիցի հռչակագիրն է: Այնուհանդերձ զարմանք է հարուցում այս հարցերում ժամանակ առ ժամանակ հնչող անճշտություններն ու սխալ մեկնաբանությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ՅՈՒՆՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը՝ անդրադառնալով «Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկին՝ Tert.am-ին ասել է.
«Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության` ո'չ թե Հայաստանը, այլ` Թուրքիան կարող է Արարատ լեռը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել: «…համաձայն այդ կանոնադրության՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր տարածքում գտնվող հուշարձանների, իր տարածքում գործող մշակութային արժեքների գրանցման հայտ»,- ներկայացրեց Վահրամ Կաժոյանը: Նա հստակեցրեց. «Այսինքն՝ Արարատը կարող է գրանցել Թուրքիան, եւ սա խնդիր է»: (Տե՛ս, Tert.am, 22:04 • 07.02.15):
Այստեղ երկու կոպիտ սխալ է թույլ տրված, որոնք արժե պարզաբանել եւ խնդիրը ներկայացնել ճիշտ իրողությունների համատեքստում:
- Ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, այլ Հայաստանը կարող է Արարատ լեռը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել, որովհետեւ փաստացի Արարատը գտնվում է այն տարածքում, որը փաստացի օկուպացված է Թուրքիայի Հանրապետության կողմից: Ըստ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդոր Վիլսոնի իրականացրած Իրավարար վճռի Արարատը Հայաստանի սահմաններում է, հետեւաբար 1920 թվականի նոյեմբերի 22-ից, այսինքն այն պահից, երբ վավերացվեց Իրավարար վճիռը, փաստացի այդ տարածքը օկուպացված է:
- Իսկ քանի որ՝ «…համաձայն (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) այդ կանոնադրության՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր տարածքում գտնվող հուշարձանների, իր տարածքում գործող մշակութային արժեքների գրանցման հայտ»,- ինչպես ներկայացնում Վահրամ Կաժոյանը, ապա կրկին ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, այլ Հայաստանը կարող է Արարատ լեռը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել, որովհետեւ փաստացի, ըստ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի՝ Արարատը գտնվում է Հայաստանի տարածքում:
Հետեւաբար ճիշտ ձեւակերպումն այն է, որ ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, այլ Հայաստանը կարող է Արարատ լեռը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել:
Ուստի, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այնպես էլ շատ այլ միջազգային կառույցներ, որքան էլ քաղաքականացված լինեն, միեւնույնն է, չեն կարող շրջանցել այս փաստերն ու ակնհայտ իրավական-քաղաքական նորմերն ու իրողությունները:
Այստեղից էլ ծագում է եւս երկու խնդիր. առաջին, որ մեր իրավունքներին պետք է տեղյակ լինենք, որպեսզի կարողանանք դրանք լավագույնս պաշտպանել եւ երկրորդ՝ ճիշտ պետք է ներկայացնենք ու մեկնաբանենք իրողությունները, որպեսզի լայն հասարակությանն ու պատկան մարմիններին չներքաշենք մոլորությունների ու անճշտությունների ոլորտ:
Ի դեպ, առիթից օգտվելով նշենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ
10.02.2015 թ.