▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը 2039 թ.-ի երկրորդ կեսին խոշոր վարկ է ակնկալում Յուպիտերի իշխանությունից

Armcomedy-ին գրում է. Երևան-Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ընդունեց նոր տիեզերական օդակայան կառուցելու մասին օրինագիծը: Նոր օդակայանը նախատեսվում է կառուցել Յուպիտերից վարկ վերցնելու ծրագրի շրջանակներում:

«Մենք չենք կարող մեր երկրի, մեր պետության ապագան կառուցել Համաշխարհային բանկից և ԱՄՀ-ից վերցրած վարկերի վրա: Մեր երեխաները դրան չեն արժանի», – նշում է ֆինանսների նախարարության Վանիկ Տուրունցը, – «Մենք պետք է անցնենք այլ մոլորակներից վարկեր ներգրավելուն»:

Այս մոտեցումը արդեն որդեգրվել է իշխանության մյուս  ճյուղերի կողմից: ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ չի կարելի սահմանափակվել ներմոլորակային ռեսուրսներով:

«Իմ տեղեկությունների համաձայն` Յուպիտերի կողմերում կա առնվազն երեք մոլորակ, որտեղից մենք ստանում ենք ազդանշաններ», – բացատրում է Գալուստ Սահակյանը: «Մենք պետք է տիեզերագնացների թիմ ուղարկենք, որոնք կկարողանան բացահայտել նոր մոլորակ, հիմնադրել այնտեղ նոր կյանք, նոր քաղաքակրթություն, որից հետո կկարողանանք ստանալ արտոնյալ երկարաժամկետ վարկեր»:

Երկրի երկրորդ դեմքի կարծիքով` կան գալակտիկաներ, որտեղ ժամանակը և տարածությունը տարբերվում է երկրայինից: «Այնտեղ անցյալը ներկան և ապագան համատեղված են տարածության մեջ: Պարզապես մենք մեր պայմաններում չենք կարողա դա զգալ, քանի որ սովոր ենք եռաչափ մոդելի: Ասենք նույն եռյակը… չէ, մի րոպե… էդ ուրիշ էր…», – նշում է Սահակյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս կողմ է այդ գաղափարին. «Տեսեք ոնց է վիճակը. Ա կետից Բ կետ մեզ միացնում է մի գիծ ու մեզ թվում է, որ էդ գծից բացի Բ կետ հասնելու ձև չկա: ԲԱՅՑ եթե բռնեք այն թուղթը, որի վրա նկարած ա Ա ու Բ կետերը, ծալեք կպցնեք իրար, կստացվի, որ… ահագին կտրում խնայում ենք ժամանակ ու տարածություն»:

Բարգավաճ Հայաստանը զգուշավոր, բայց դատապարտող դիրք է ընդունել այլ մոլորակների հետ կապ հաստատելու և վարկ վերցնելու հարցում: Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Կառավարությունը, ինչպես միշտ, իրականությունից կտրված մի զավեշտալի առաջարկ է մշակել: Պետք է հասկանալ, որ այդ երեք Յուպիտերամերձ մոլորակներից միայն մեկն է, որ պիտանի է կյանքի համար, իսկ մյուսներից գալիս է մոլորեցնող ազդանշան: Պետք է ճիշտ հաշվարկ կատարել, ճիշտ հաշվարկել ռեսուրսները այդ մոլորակ հասնելու համար, ինչին այս նախա… վայ.. կներեք.. քիչ էր մնում ասեի «նախագահը»: Ինչին այս վարչապետը ունակ չէ»:

Եվ չնայած քաղաքական ուժերի մեծ մասը համաձայն է, որ երկրի ապագան Յուպիտերի կողքին պիտանի մի մոլորակ գտնել և բնակեցնելն է, սակայն մեթոդների մասին դեռ մնում են բազմաթիվ տարաձայնություններ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին