Թուրքական պատմագիտական ընկերության (ԹՊԸ) ղեկավար Մեթին Հյուլագյուն 2 տարվա պաշտոնավարությունից հետո հրաժարական է տվել: Հյուլագյուն իր հրաժարականը բացատրել է ղեկավար մարմնի՝ Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվի և պատմության ինստիտուտ տնօրինության հետ առաջացած անհամաձայնությամբ: Ըստ նրա՝ որոշ նախագծեր, այդ թվում «Թուրքպեդիա» կայքի ստեղծումը և թուրքական հանրային հեռուստաալիքով պատմական հաղորդումներ հեռարձակելու առաջարկը մերժվել են ղեկավար մարմնի կողմից: Թուրքական «Միլլիյեթ» թերթին տված պարզաբանումների ժամանակ նա հավելել է նաև, որ կարող են անավարտ մնալ Հայոց ցեղասպանության 100 ամյակի համար նախատեսվող մի շարք ուսումնասիրություններ, սեմինարներ:«Միլլիյեթը» հայտնում է նաև, որ Հյուլագյուի հրաժարականից հետո հրաժարական են ցանկանում ներկայացնել Հայագիտության ամբիոնի 4 աշխատակից: Նրանցից դոկտոր Մուսա Շաշմազը թերթին տեղեկացրել է, որ դեռ հայտնի չէ՝ իրենք կշարունակեն աշխատանքը ամբիոնում, թե ոչ: «Հունիսին ԹՊԸ-ից աշխատավարձը ուշացումով ենք ստացել: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915թ. դեպքերի առնչությամբ ցավակցական ուղերձը դժվարություններ է ստեղծել հայագիտության ամբիոնի աշխատկիցների համար: Ղեկավար խորհուրդը փոխել է իր վերաբերմունքը մեր աշխատանքիների հանդեպ: Գուցե Հայկական հարցի վերաբերյալ մեր աշխատանքները որոշ լոբբիների անհանգստացրել է և մեզ չեզոքացնելու համար գործի են անցել»,- նշել է Շաշմազը.տեղեկացնում է ermenihaber-ը: