▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ընտրողը ստիպված է ընտրություն կատարել դավաճանության ու մարմնավաճառության միջև. Բաց նամակ Արսինե Խանջյանին

«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատապարտված Ալեք Պողոսյանը բաց նամակ է ուղղել դերասանուհի Արսինե Խանջյանին:

«Հարգարժան տիկին Արսինե Խանջյան

Ես համոզված եմ, որ Դուք և Ձեր համախոհները մեծ հայրենասերներ եք և սրտանց ցանկանում եք Հայաստանը տեսնել բարեկեցիկ: Ես կարծում եմ՝ Դուք համոզված եք, որ բարեկեցիկ երկիր դառնալու համար Հայաստանում պետք է գործեն ազատության, հավասարության, եղբայրության, արդարության այն սկզբունքները և չափորոշիչները, որոնք գործում են ժողովրդավար երկրների ընտանիքում, որը Դուք վայելում եք Կանադայում, Միացյալ Նահանգներում: Այդ ճանապարհին առաջին պարտադիր պայմանը համարելով արդար ընտրությունները, Դուք որոշել եք դիտորդի կարգավիճակով մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին և Ձեր լուման ներդնել Ձեր երազած հայրենիքի կառուցմանը: Բայց Դուք ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է որևէ երկրի ընտրություններն անվանել ազատ և արդար, որտեղ կան այսքան քաղբանտարկյալներ: Դուք կարո՞ղ եք ասել՝ հնարավո՞ր է միաժամանակ լինել Ռուսաստանի ֆորպոստը (որը հայտարարել է, որ դեմոկրատական արժեքների տարածումը դեպի իր սահմանները, դեպի իր ազդեցության գոտիները վտանգ է Ռուսաստանի ազգային անվտանգությանը) և փորձել դառնալ ժողովրդավար երկիր՝ արդար ընտրությունների միջոցով:

Կա՞ արդյոք ընտրություններին մասնակցել ցանկացող մի ուժ, որը ղարաբաղյան հարցի լուծումը տեսներ 1991թ․ ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման մեջ: Քանի որ այսօրվա Հայաստանի սահմանները գծվել են ըստ այդ պայմանագրի: Հակառակ դեպքում Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունից դուրս կգա պարտված:

Կամ Լ. Տեր-Պետրոսյանի ծրագրով՝ տալով տարածքներ և Ղարաբաղի ազատությունը խաղաղության դիմաց, կամ կշարունակվի այսօրվա սողացող պատերազմը, որը Հայաստանից խլում է մարդկային կյանքեր և մեծ ռեսուրսներ:

Կա՞ արդյոք ընտրություններին մասնակցել ցանկացող մի ուժ, որը կհայտարարի, որ կհրաժարվի ռուսական գազից և Հայաստանը կդարձնի տարանցիկ երկիր իրանական գազը դեպի Վրաստան և հետագայում դեպի Եվրոպա տարհանելու, Հայաստանին բերելով մեծ տնտեսական օգուտներ և հնարավորություններ ու էժան գազ: Կա՞ արդյոք ընտրություններին մասնակցել ցանկացող մի ուժ, որն իշխանության գալով՝ Հայաստանում կանցկացնի «լյուստրացիա», որը կբացահայտի, թե ովքեր են, որ հայկական քաղաքական դաշտ կոչվածում եղել են և կան ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ, իբր լինելով Հայաստանում իշխանություն կամ ընդդիմություն, իրականում ծառայում են ռուսական շահերին:

Հարգելի տիկին Խանջյան,

Հարցերը կարելի է երկար շարունակել: Բայց այս պահին ամենաշատը, որ ես ուզում եմ, դա Ձեզ նախօրոք չհիասթափեցնելն է: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Ձեր միջամտության շնորհիվ Հայաստանում ամենաարդար ընտրություններն անցկացվեն, միևնույն է՝ Ձեր սիրելի հայրենիքում մեծ հաշվով շատ բան չի փոխվելու, քանի դեռ թե իշխանությունների, թե ընտրությամբ իշխանության ձգտողների համար Հայաստանի շահերը գտնվում են ռուսական շահերի ստվերում: Ինչո՞ւ ոչ մեկը ղարաբաղյան հարցի շուրջ չի բարձրացնում 1921թ․ ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու հարցը, քանի որ այն հակասում է ռուսական շահերին: Ինչո՞ւ ոչ մեկը տնտեսական դաշտում առաջնահերթ չի համարում իրանական գազը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարհանելու հարցը, քանի որ այդ դեպքում Հայաստանն ստիպված պետք է հրաժարվի ճահճում գտնվող տնտեսությունը դեպի ներքև քաշող հիմնական ծանրությունից՝ ռուսական թանկարժեք գազից, քանի որ այն հակասում է ռուսական շահերին: Իսկ կա՞ արդյոք ընտրություններին մասնակցել ցանկացող, իրեն ժողովրդավարական համարող մի ուժ, որը կհայտարարի ռուսական հակաժողովրդավարական արժեհամակարգից և Հայաստանում այդ համակարգի հիմնական աղբյուր հանդիսացող ռուսական բազայից Հայաստանն ազատագրելու մասին: Լավագույն դեպքում մի քանի հոգի կպահանջեն, որ Ռուսաստանը գոնե վճարի Հայաստանում գտնվող իր ռազմաբազայի համար:

Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց այդպիսի պահվածքը ոչ մի բանով չի տարբերվում մարմնավաճառի վարքագծից, ով, չընդունելով ինչ-որ մեկին՝ նրա արժեհամակարգը, պատրաստ է վճարի դեպքում հանդուրժել նրա մարմնի մի մասն իր մարմնի մեջ: Ռուսական շահերի սպասարկումը դավաճանություն է հայկական շահերին, ռուսական շահերին կիսատ-պռատ դեմ գնալը՝ մարմնավաճառություն:

Ցավալի է, բայց այսօր հայ ընտրողն ստիպված է ընտրություն կատարել դավաճանության ու մարմնավաճառության միջև: Սակայն ավելի ցավալի է հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակը, ոչ այնքան այն պատճառով, որ իր հանդուրժողականությամբ դառնում է դավաճանին հանցակից կամ ընտրակաշառք վերցնելով՝ դառնում է պարզ մարմնավաճառ: Այլ ամեն ինչ շատ ավելի խորն է: Հայ ժողովուրդը, դարեր շարունակ չունենալով պետականություն, իր մեծամասնության մեջ ոչ միայն կորցրել է պետական մտածողությունը, այլ նաև ձեռք է բերել հաշմանդամի մտածողություն: Այնպես, ինչպես, երբ նորածիններին նստեցնենք հաշմանդամի սայլակին և տարիներ շարունակ քարոզենք, որ իրենք ունակ չեն ինքնուրույն քայլելու, ու այդպես մի քանի սերունդ:

Դարեր անց նրանք, ձեռք բերելով հաշմանդամային մտածողություն, արդեն իրենք իրենց երեխաներին կսկսեն դաստիարակել որպես հաշմանդամներ՝ քարոզելով, որ իրենք ինքնուրույն ունակ չեն հոգալու իրենց անվտանգությունը, որ պետք չէ համեմատվել հարևանների՝ վրացիների, ուկրաինացիների, հրեաների հետ: Որ պետք չէ բարկացնել ռուսին, քանի որ այն հաշմանդամասայլակը, որում մենք ենք, ռուսի ձեռքին է, լավ թե վատ՝ պետք է համակերպվել այդ մտքի հետ: Որ մենք գնում՝ ռուսի տանն աշխատում ենք, ու նա մեզ հաց է տալիս, որ մեր տունը պահենք: Ու հաշմանդամային մտածողությանը վայել նմանատիպ մտքեր: Եվ առայժմ չեն օգնում այն փաստարկները, որ մեզ արհեստական են հաշմանդամ դարձրել, որ մենք ժառանգն ենք Հայկ Նահապետի, ով դարեր առաջ լինելով մեր վիճակում՝ սպանեց իր մեջ ստրուկին, հրաժարվեց Բելի «անվտանգության երաշխիքներից», պաշտպանեց իր երկիրը Բելից, հաղթեց նրան, ստեղծեց հզոր պետություն, որը նրա ժառանգները՝ մեր պապերը, հզորացնելով՝ դարձրին ծովից ծով Հայաստան այս նույն աշխարհագրական դիրքում:

Սիրելի «հաշմանդամներ», ռուսական բազան Հայաստանին որևէ անվտանգության երաշխիք չէ, եթե Թուրքիան հնարավորություն ունենար, ապա կստեղծեր զինված խմբեր և կուղարկեր Ադրբեջան՝ կռվելու հայերի դեմ, իր վրա վերցնելով այդ խմբերի ֆինանսավորումը, զինումը, բուժումը, ինչպես դա անում է Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում, ինչպես անում է նույն Թուրքիան Սիրիայում: Իսկ ռուսական բազան այդ մարտավարության դեմ անկարող է մեզ որևէ բանով օգնելու: Ռուսական պետությունն էլ պատերազմ չի հայտարարի Թուրքիային, ինչպես չհայտարարեց Սիրիայում ռուսական ինքնաթիռը խփելուց հետո: Իսկ հայտարարելու դեպքում մենք ավելի կտուժենք, ինչպես մեզ թողեց մենակ առաջին համաշխարհայինի տարիներին:

Հարգարժան տիկին Խանջյան
Մեր պետությունն ու հասարակությունն առաջնահերթ կարիք ունեն մտածելակերպի փոփոխության, արժեքների հեղափոխության: Դուք, տիկին Խանջյան, ունենալով մեծ հեղինակություն հայ հասարակության մեջ, մեզ հետ միասին ավելի կարևոր առաքելություն ունեք անելու:

«Կոշ» քրեա-կատարողական հիմնարկ քաղբանտարկյալ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին