«Հայաստանում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների մեծ մասը այլ որակի իշխանություն կամ չի պատկերացնում, կամ չի տեսնում այն քաղաքական ուժն, որը կբերի այդ որակը: Այս առումով ընտրություններին լուրջ պայքար կարծես թե չի սպասվում: Կլիներ այդպիսին, եթե ձևավորվեր քաղաքական ուժերից, անհատներից բաղկացած մի ճակատ, որոնք կասեին, որ նպատակ են դնում ՀՀԿ-ին զրկել իշխանությունից: Այսօր նման ճակատ չկա, քանի որ վստահ չեն, թե նոր որակի իշխանություն կարող են ձևավորել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ մրցակցային մթնոլորտ կլինի, բայց հիմնական նպատակը չի լուծվի, որն է՝ իշխանության նկատմամբ հանրության մոտ վստահություն առաջացնելը.
«Կարծում եմ, որ վստահությունը չի մեծանա, չի էլ պակասի, քանի որ չկա: Մարդիկ ընտրություններից հետո համոզված են լինելու, որ ձևավորված իշխանությունն իրենցը չէ»,-ընդգծեց Վիգեն Խաչատրյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, թե մեծ հույսեր է կապում հասարակության ակտիվության հետ.
«Հասարակության ակտիվության դեպքում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմադիր ուժերն ավելի մաքուր ու առողջ մթնոլորտում կանցկացնեն: Հասարակությունն առաջինը պետք է ընդդիմությանը վստահի, որի հիմնական կոչումը դժգոհ մասսային դեպի իշխանություն պայքարի տանելն է»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Ազատ դեմոկրատներ» վարչության անդամ Արմեն Առաքելյանն էլ անդրադարձավ ձևավորվող դաշինքներին.
«Տպավորություն է, որ ժողովրդին դրել են ամնեզիայով տառապողի տեղ: Մարտի 1-ի գործով գլխավոր դերակատարներն ու ծեծված-ջարդվածը գնում են դաշինքի: Ոչ մի գաղափարական պայքար այս ընտրություններում դեռևս չի նշմարվում: Բոլորը ղեկավարվում են նույն կենտրոնից»,-նկատեց Արմեն Առաքելյանը:
Անի Կարապետյան