Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը։ Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է. «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց։ Օրեր առաջ այդ մասին էր նշել նաև ամերիկագետ Սուրեն Սարգսյանը.
«Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։ Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։ Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում»։
Սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հարձակվի մեզ վրա։ Քանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտուլյանտական խմբավորումն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է։
Սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից սա (և մի շարք այլ զարգացումներ Սիրիայում, Թուրքիայի ներսում և Ուկրաինայում) մեզ համար փոքր ու ժամանակավոր պատուհան է՝ այդ թվում երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար»։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ՀՀ կառավարության հաղորդմամբ, Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։