▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիսատեսն ինձ որակեց որպես «հատուկ երգեր երգող երգիչ». Ավո Ադամյանը՝ իր հաջողության, հայտնիության և դերասանական գործունեություն սկսելու մասին

Երգիչ, դերասան Ավո Ադամյանն արդեն վաղուց է, ինչ իր երգերով և տեսահոլովակներով ներկայանում է հանրությանը: Նրա ամեն մի ստեղծագործություն իսկական հիթ է դառնում, իսկ տեսահոլովակը՝ երկար մնում մարդկանց հիշողությունների մեջ:

http://asekose.am/filemanager/uploads/2021/12/week-1/Avo_Adamyan.jpg

Asekose.am-ը զրուցել է երգչի հետ՝ իր երաժշտական գործունեության, հաջողության հասնելու, հայտնիության և դերասանական գործունեություն սկսելու մասին:

«Նախ ասեմ, որ երգել սկսել եմ դեռ երկրորդ դասարանից: Այդ ժամանակ երգում էի հայրենասիրական խմբերից մեկում, իսկ ուսանողական տարիներին «Սասուն»» ազգագրական համույթում եղել եմ մեներգիչ, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ներկայացրել և պրոպագանդել եմ մեր ազգագրական պարերը: Այնուհետև, բարձրագույն կրթություն ստանալուց հետո սկսեցի երգել և աշխատել արդեն ռեստորաններում»,- պատմեց Ավո Ադամյանը:

Շատ ժամանակ չանցած՝ վերջինս սկսեց հանդես գալ իր անհատական երգերով և տեսահոլովակներով, որոնք ժամանակի ընթացքում համացանցի իսկական հիթեր էին դառնում՝ երգչի համար սահմանելով նոր, ավելի բարձր նշաձող.

«Հասկացա, որ ճիշտ ժամանակն է սկսել անհատական կարիերա: Մեկը մյուսի հետևից նկարահանեցի և մինչ օրս նկարահանում եմ տեսահոլովակներ, հանրությանն եմ ներկայացնում իմ նոր ստեղծագործությունները: Դատելով ստացված արձագանքներից՝ հպարտությամբ պետք է նշեմ, որ դրանք իսկապես ընդունվում և սիրվում են հանդիսատեսի կողմից, ինչի մասին, թերևս, վկայում են նաև յութուբյան դիտումները»,- նկատեց Ավոն, ապա հավելեց.

«Գործունեությանս ընթացքում իմ հանդիսատեսն ինձ որակեց որպես «հատուկ երգեր երգող երգիչ», ինչը պայմանավորված էր իմ՝ արդեն հայտնի և սիրված երգը նորովի, իմ ձևով ներկայացնելու հետ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հանդիսատեսիվ, ովքեր միշտ իմ կողքին են և գնահատում են այն, ինչ ես անում եմ: Ժողովրդի սերն ինձ համար շատ կարևոր է»:

Երգիչ Ավո Ադամյանը հայտնի և սիրված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրանից դուրս: Երգիչն իր բենդով մենահամերգներով է հանդես գալիս Ռուսասատանի մի շարք քաղաքներում, ինչպես նաև արտերկրում: Ավո Ադամյանին հետևում և սիրում են նաև նրա սոցիալական էջերում: Վերջինիս Instagram-ում հետևում է գրեթե 50.000 հետևորդ, իր պաշտոնական Youtube ալիքում երգիչն ունի ավելի քան 58,000 հետևորդ:

Այս ամենից բացի, բոլորովին վերջերս Ավո Ադամյանը սկսեց նաև իր դերասանական գործունեությունը: Նա նկարահանավեց ամենավարկանշային հեռուստասերիալներից մեկում՝ «Խաբկանք»-ում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին: Ավո Ադամյանը համագործակցում է նաև USA Armenia հեռուստաընկերության հետ, որի արդյունքին շատ շուտով ականատես կլինի հեռուստադիտողը. կրկին վարկանշային հեռուստասերիալ և կրկին գլխավոր հերոսի կերպար:

Ի դեպ՝ Ավո Ադամյանը հեռուստասերիալներում հանդես է գալիս ոչ միայն որպես դերասան, այլ նաև վերջինս կատարում է դրանց սաունդթրեքները:

Որակյալ աշխատանքներ, հավատարիմ հանդիսատես, աշխատասիրություն և մեծ պատասխանատվություն իր աշխատանքի հանդեպ. հենց այս հատկանիշներով է  Ավո Ադամյան երգիչ-դերասանը նկարագրում իրեն՝ օր օրի ավելացնելով իր հանդիսատեսի թիվը՝ դառնալով հայկական շոու բիզնեսի ամենապահանջված և հաջողակ արտիստներից մեկը:

Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին