▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրքի շնորհանդես և բանաստեղծություն` նվիրված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին

Կամերային թատրոնի «Երկաթ» ակումբում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Դավիթ Ասատրյանի «Վերադարձ դեպի հարություն» գրքի շնորհանդեսը, որը Դավիթի չորրորդ գիրքն է:

Գիրքն ունի երեք բաժին` «Վերադարձ դեպի հարություն», «Ծածկվիր չմրսես», «Ու հայրս կոչ կանի»:

«Հասարակական կյանք ներխուժեց մի տարերք, որի կարիքն ունի հայ դասական գրականությունը: Դավիթը մեկն է, ով ամբողջովին կրում է հայ դասական գրականության էներգետիկան: Այսօր ողբերգական վիճակի մեջ ենք. մեր ընթեցողին թողնում ենք սոված, անտեր` չտալով նրան պատմվածք, բանաստեղծություն: Սուտ ու կեղծիքի բուրգեր ենք շինել և’ գրականության, և’ մշակույթի մեջ»,-ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

«Բանաստեղծության հիմքը քնարական ապրումն է: Բանաստեղծական ասպարեզում Դավիթի ներկայությունն իրոք ոգեշնչում է, գիտի հանգը, տաղաչափությունը, կյանքի ռիթմը ներկայացնելու կերպը: Կան պոեզիայի ավանդույթներ, որոնց պետք է հետևել»,-շնորհավորելով երիտասարդ բանաստեղծին` ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Երեկոյի ընթացքում Դավիթ Ասատրյանն ընթերցեց իր գործերից մի քանիսը, որոնց թվում էր և զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված բանաստեղծությունը.

Գնաս բարով, եղբայր՝ հեռուներն են կանչում,

Ճամփան նույնն է, որով մեր մեծերը անցան,

Քո բոցեղեն անվան արձագանքն է շաչում՝

Գոլորշին է ելնում դեռ թարմ ու տաք արյան:

Գնաս բարով եղբայր՝ դու քո պարտքը տվիր,

Մեզ թողնելով հավերժ քո արյունի դեմ պարտք՝

Հերոսների կողքին խաղաղությամբ ննջիր՝

Քեզ խնկարկում հավերժ, քեզ խոնարհում ու փառք:

Գնաս բարով եղբայր, Վահագնացեղ գենի՝

Որդիս քեզնով պիտի իր տեսակը զգա,

Քեզնով պիտի վաղվա Ավարայրում երկնի

Եվ քեզանով պիտի մեր վաղվա օրը գա:

Գնաս բարով եղբայր՝ քո զորակոչն այլ է,

Մի այլ բանակ այնտեղ քո ճամփան է պահում,

Այնտեղ նաիրական արեգակի փայլն է,

Այնտեղ հայոց փառքի ատրուշանն է վառվում:

Ճամփան նույնն է, որով մեր մեծերը անցան

Գնաս բարով եղբայր՝ հեռուններն են կանչում,

Գոլորշին է ելնում դեռ թարմ ու տաք արյան

Քո բոցեղեն անվան արձագանքն է շաչում…

Շնորհանդեսին ներկա էին մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ, Դավիթի գրչակից ընկերները և ուրիշներ:

                                                                        Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին