armlur.am-ը գրում է. Օրերս համացանցը պայթեցրեց գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյանի ցնցող ելույթը գերմանական «Սուպերտաղանդ 2014» նախագծի շրջանակներում: «Ժողովուրդը» զրուցել է օպերային երգչի հետ, ով բնակություն է հաստատել Գերմանիայում: Նշենք, որ նա Բեռլինում է բուժման նպատակով: Արդեն մի քանի տարի է, ինչ Արտակը գամված է հաշմանդամի սայլակին: Հայաստանում՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած համերգներից մեկի փորձի ժամանակ ծանր լուսարձակը պոկվել ու շարժվել էր երեխաների ուղղությամբ: Երգիչը մարմնով պաշտպանել էր երեխաներին՝ ստանալով ծանր վնասվածք:
-Ձեր բուժման գործընթացն ի՞նչ փուլում է, առաջընթաց կա՞:
-Կարելի է ասել, որ բուժումս ընթացիկ փուլում է, այն ուղեկցվում է պրոգրեսիվ աշխատանքներով, վարժություններով, նորացվող մեթոդներով եւ սարքավորումներով: Ֆիզիոթերապեւտների օգնությամբ առաջ եմ շարժվում:
-Բեռլինում այժմ ինչո՞վ եք զբաղված, որքանով տեղյակ եմ՝ նաեւ դասավանդում եք:
-Տեղի հայկական դպրոցում շարունակում եմ երեխաների հետ աշխատել, նրանց ծանոթացնել մեր հայ մշակույթին: Բացի այդ՝ երգում եմ Հայ Առաքելական եկեղեցիում, ղեկավարում եմ այնտեղի փոքրիկ երգչախումբը: Բեռլինի հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիայի մշակույթի բաժնի պատասխանատուն եմ եւ վարչության անդամը: Դասավանդելու համար նախնական առաջարկ եմ ստացել Բեռլինի կոնսերվատորիայից, այն սիրով ընդունել եմ: Ինձ առաջարկեցին Կոմիտասի երգերի եւ երգեցողության մաստեր կուրսեր անցկացնել, հիմա պայմանների հետ կապված քննարկումներ են տարվում:
- Այնպիսի տպավորություն է, որ դժբախտ պատահարից հետո հայրենիքում Ձեր հանդեպ Ձեր վաստակին համարժեք վերաբերմունքի չարժանացաք …
-Հիշում եմ, որ երբ Հայաստանում էի, որպես առաջին կարգի հաշմանդամ, ստանում էի 16 հազար դրամ, իսկ ֆիզիոթերապեւտը մեկ ժամվա համար պահանջում էր 5.000 դրամ: Եվ եթե չլիներ բարերար Հարութ Խաչատուրյանը, չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ: Ես կուզենայի, որ իմ երկիրը հոգար գոնե մինիմալ խնդիրները, առաջնահերթ՝ իմ օթեւանի հարցը, որը ես մինչ օրս չունեմ: Իսկ, ահա, Գերմանիայում ունեմ բժշկական ապահովագրություն եւ շատ անհրաժեշտ պարագաներ ստանում եմ անվճար: Բացի այդ՝ Բեռլինն ինձ եւ ընտանիքիս տրամադրել է բնակարան՝ բոլոր հարմարություններով: