▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազալցակայանը պայթեցրել են»․ սեփականատիրոջ ամուսին

«Գազալցակայանը պատվերով պայթեցրել են»,-լրագրողներին հայտնեց սեփականատիրոջ՝ Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը՝ չցանկանալով կադրում երևալ։ Նա հայտնեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի գործը բացահայտվի։
«Օբյեկտ գործել է օրինական, 1 տարվա մեջ երեք անգամ սերտիֆիկատ ենք ստացել, անցել ենք փորձաքննություն։ Թե հերյուրանք տարածողները ում պատվերն են կատարում՝ ՔԿ-ն կբացահայտի։ Համագործակցելու եմ քննրիչների հետ՝ բացահայտելու գործը»,-ասաց նա։
Գազալցակայանի տնօրեն Ռաֆայել Այվազյանը ևս հայտնեց, որ այն գործել է օրինական՝ ունենալով բոլոր համապատասխան թղթերը․ «Բոլոր թղթերն ունենք, վկայականը կա որպես հեղուկ վառելիքի լցակայան։ Չեմ ուզում ոչ մի գնահատական տամ հերյուրանք տարածողներին»,-ասաց նա։

***

«Գազ օիլ» ՍՊԸ ընկերութան տնօրենը լրագրողների հետ զրույցում հաստատեց հոր՝ սեփականատիրոջ ամուսնու խոսքերը, թե գազալցակայանը միտումնավոր պայթեցրել են․«Սա միանշանակ դիտմամբ է արված։ Անուններ չեմ ասի, հետաքննությունը կպարզի։ Մենք որպես մասնագետ հասկանում ենք, որ հեղուկ գազի ցիստեռները նման կերպ իրենք իրենցով չէին պայթի, բացառվում է»,-ասաց, նա՝ փաստելով, որ ընկերությունը ունի գործունեության օրինականությունը և անվտանգությունը ապացուցող բոլոր փաստաթղթերը, որոնք նա պատրաստ է տրամադրել համապատասխան մարմիններին։

Կազմակերպության սնանկության մասին լուրերը տնօրենին և նրա հորը հունից հանեցին․ «Տարեկան 500 մլն մուծողը գնում է սնանկությա՞ն, ամոթ է, պարապ են մնացել»,-ասացին նրանք՝ չցանկանալով կադրում երևալ։

ՀՀ ՆԳՆ—ն հայտնում է․ «Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։
Պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը «Աբովյան» ԲԿ-ում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ 6-ը գտնվում են «Այվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակվել է։
Ընդհանուր աշխատանքների ղեկավարումն իրականացրել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը: Դեպքի վայրում են եղել նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։
Հունիսի 7-ի ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը։
Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության երեք մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ։
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին