Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է «Գարուն-ամառ 2014» հավաքածուն: Այն ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է 1940-ական թթ. նորաձևությունից, որը հիանալիորեն մեկտեղում էր կանացիությունն ու հարմարավետությունը: Այս հավաքածուն իր մեջ ներառում է համաշխարհային նորաձևության 2014թ.-ի վերջին միտումները՝ պլիսսե, մինչև կոճ հասնող կիսաշրջազգեստ, ծաղկավոր նախշեր, վերնաշապիկի և զգեստի միախառնում, գրառումներով բլուզներ, ձեռքի աշխատանք և այլն:
Եթե Դիանա Շատվերյանի հավաքածուները նախկինում ներկայացրել են պրոֆեսիոնալ մոդելներ, ապա այս անգամ դիզայները դիմել է համաշխարհային նորաձևության մեջ ընդունված, սակայն հայկական նորաձևության աշխարհում աննախադեպ քայլի և հենց ինքն է ներկայացրել իր հավաքածուի զգեստները:
Դիզայների միտքն այս անգամ ևս պարզ է. նորաձևությունը գնալով ավելի է նմանվում արվեստի, իսկ արվեստում գնահատելի է կատարյալը…
Հավաքածուի ֆոտոշարքը ստեղծելիս դիզայները համագործակցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի, ոճաբան-վարսահարդար Սեդրակ Ղամբարյանի հետ: Դիմահարդար-ոճաբան Ագա Քանքանյանի վառ երևակայությունն ապահովել է հավաքածուի ներկայանալիությունը, իսկ լուսանկարիչ Գրիգոր Իշխանյանը կյանքի է կոչել դիզայների ամենահամարձակ մտահղացումները:
72157643404117005