Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն Նախախորհրդարանի տարածած հայտարարության կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` Գառնիկ Խչեյանը՝ Վարդենիսցի Հեբոն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մարտական ընկերն էր:
Հիշեցնենք, որ Նախախորհրդարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով: Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել և վիրավորել է հոր մահվան դեռևս թարմ վշտի ծանր ապրումների մեջ գտնվող երիտասարդ աղջկան: Սա այն պարագայում, երբ Վարդենիսում և ամբողջ Հայաստանում որպես Լեոնիդ Ազգալդյանի ենթակայությամբ գործած ջոկատի հայտնի հրամանատարի մահվան լուրը զետեղվել է մամուլում և սոցիալական ցանցերում, իսկ Վարդենիսում տեղի ունեցած թաղման արարողությունը հայտնի իրադարձություն է եղել, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ: Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ Գառնիկ Խչեյանի նկատմամբ ոստիկանական հալածանքը սկսվել էր այն բանից հետո, երբ նա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվող շինծու դատավարության ժամանակ հակադարձել էր իր և դատարանում գտնվող այլ ազատամարտիկների արժանապատվությունը վիրավորած դատավորին:Ոստիկանության այս քստմնելի արարքը վկայում է ռեժիմի անմարդկային և, միևնույն ժամանակ՝ ապիկար լինելու մասին: Նախախորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկի հիշատակի անարգման և նրա ընտանիքի անդամների ահաբեկման ու նրանց արժանապատվության ստորացման գործողությունները և ռեժիմին ու նրա ծառաներին հիշեցնում է, որ առնվազն մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատասխան են տալու ժողովրդի և օրենքի դատաստանի առջև: