Այսօր սիրված հումորիստ և դերասան Գարիկ Մարտիրոսյանի համար կրկնակի տոն է: Սուրբ Վալենտինից բացի նա նշելու ևս մեկ առիթ ունի. հենց սիրահարների օրը լրանում է Գարիկի 40-ամյակը: Գուցե վերջինս հետևի ընդունված կարծիքին և չնշի 40-ամյակը, սակայն անթիվ շնորհավորանքներից խոսափել, դժվար թե, կարողանա: Չէ՞ որ նրան հաջողվել է սեր վայելել նաև Հայաստանից դուրս:
Սակայն Հայաստանում Գարիկը պարզապես սիրված հումորիստ չէ: Նա և «Նոր հայեր» թիմի տղաները КВН-ում, շարունակելով «Երմի» թիմը աշխատանքը, կարողացան ժպիտ և հույս պարգևել, ինչի կարիքը Հայաստանում 90-ականներին իսկապես զգացվում էր:
Իսկ դեպի КВН և «Նոր հայեր» տանող ճանապարհը սկսվել էր 1992 թվականին, երբ Գարիկը, երազելով հոգեթերապևտի աշխատանքի մասին, սովորում էր ԵՊԲՀ-ում և ծանոթացել էր իր ապագա թիմակիցների հետ: Թերևս պետք է նշել, որ հետագայում իր մասնագիտությամբ աշխատելով ընդամենը 3 տարի, նա այդքան էլ չի հեռացել դրանից, չէ՞ որ Գարիկը նույնպես «բժշկում» է մարդկանց հոգիները, սակայն դա անում է արդեն յուրովի` հումորի միջոցով:
Հենց КВН-ից հետո սկսվեց Գարիկի` դեպի հեռուսատատեսություն տանող ճանապարհը: Տարիների ընթացքում Գարիկին հնարավոր եղավ տեսնել ռուսական ամենահեղինակավոր «Минута славы», «Прожекторперисхилтон» հաղորդումների հաղորդավարի դերում: Չենք կարող չնշել «Comedy club»-ը, որ մինչ օրս մեծ մասսայականություն է վայելում: Գարիկին հաջողվել է հաղթել ռուսական Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Две звевды» հեռուստանախագծում, որտեղ նա հանդես էր գալիս Լարիսա Դոլինայի հետ:
Այսօր Գարիկ Մարտիրոսյանը սիրված շոումեն է (Գարիկին վստահում են նույնիսկ Ռուսաստանի ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծննդյան տոնակատարության հաղորդավարի դերը) հումորիստ և դերասան: Սակայն իր հայտնիությանը Գարիկը շատ նորմալ է վերաբերում և խոստովանում, որ ինքը սովորական տղա է, ում ամենասիրած քաղաքը եղել և մնում է Երևանը:
Դե ինչ, ծնունդդ շնորհավոր իսկական երևանցի Գարիկ Մարտիրոսյան: