«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ բոյկոտելու է Նժդեհի մասին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նկարահանած ֆիլմը, քանի որ այն ստեղծվել է մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ «տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին»:
Հայտարարությունում, ասվում է.
«Ի պատասխան մամուլի հրապարակումների և սոցիալական ցանցերում տեղ գտած շահարկումների, «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտնում է, որ բոյկոտելու է Նժդեհի մասին ռեժիսոր Քեշիշյանի ֆիլմը, քանի որ այն ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ ոչ միայն չեն համապատասխանում, այլև տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին:
Բավական է հիշել միայն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառը ոչնչացրած «Վալեքս» ընկերության կողմից: Մյուս հովանավորը Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Միևնույն ժամանակ, անկախ ֆիլմի գեղարվեստական անորակությունից, չի կարելի ծաղրել ազգային հերոսին միայն այն պատճառով, որ նրա կերպարը ժապավենի վրա պղծված է ներկայացվում»: