Սպորտային աշխարհում շարունակվում են ակտիվ խոսակցությունները ֆուտբոլիստներին լավագույն մարզիկների շարքերը չընդգրկելու վերաբերյալ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ այդ որոշմանը ինքը մասնակից չի եղել և պետք չէ քաղաքականություն փնտրել եղածի մեջ: Մենք զրուցեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ներկայացրեց պարոն Ծառուկյանի տեսակետը.«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն իսկ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին արտահայտել է իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ նա տաղանդավոր մարզիկ է և վայելում է հազարավոր մարզասերների սերն ու հարգանքը, բարձր է պահում մեր երկրի մարզական պատիվը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել Հենրիխ Մխիթարյանին պարգևատրվել ՀԱՕԿ բարձրագույն պարգևով՝ ոսկե շղթայով, որից, ինչպես մամուլից տեղեկացա, ֆուտբոլիստը հրաժարվել է: Սա բացառապես Հենրիխի իրավունքն ու որոշումն է: Իսկ նման որոշման հավանական շարժառիթներին անդրադառնալ նպատակահարմար չեմ գտնում»,-փոխանցել է Իվետա Տոնոյանը:
Գրառումը` Ararat News ֆեյսբուքյան էջից