Երեկ ԱԱ-2014-ի խմբային փուլի շրջանակներում տեղի ունեցած Իտալիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կծել է մրցակցի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը: Որքան էլ, որ տարօրինակ է նա իր այս վարքագծի համար նույնիսկ դեղին քարտ չստացավ:
Սակայն այսօր ՖԻՖԱ-ն հայտարարել է Լուիս Սուարեսի մասով կարգապահական գործ բացելու մասին: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սուարեսը և/կամ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 25-ին հրավիրված են համապատասխան լսումների, որը կմեկնարկի բրազիլական ժամանակով՝ 17.00-ին, որպեսզի ներկայացնեն տվյալ իրավիճակի հետ կապված իրենց դիրքորոշումը և, եթե կարիք կա, փաստաթղթային ապացույցներ-հակափաստարկներ ներկայացնեն:Նշենք, որ նման արարքի համար համար ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգով նախատեսված ամենախիստ պատիժը 24-խաղյա որակազրկումն է։
Ուշագրավն այն է, որ Իտալիայի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցածն առաջին դեպքը չէ, երբ Սուարեսը նման արարք է իրեն թույլ տալիս: «Լիվերպուլում» խաղալիս ֆուտբոլիստը կծել է «Չելսիի» պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչի ձեռքը, ինչպես նաև նույնպիսի ճակատագրի արժանացրել ՊՍՎ-ի խաղացող Օման Բակալին։