Ինչով ենք մենք ներկայանում Եվրատեսիլին
Արդեն մի քանի տարի Հայաստանը մասնակցում է Եվրատեսիլ այսպես կոչված երգի, բայց իրականում նաև քաղաքական խնդիրներ լուծող մրցույթին, և ամեն տարի հատկապես մրցույթից առաջ ակտիվ սկսվում է քննարկվել, թե ով մասնակցի, ինչպիսի երգով մասնակցի, մասնակցի, թե ընդհանրապես չմասնակցի, և ամենավերջում, երբ որոշվում են երգն ու երգիչը, և տեսահոլավակը համացանցում ապահովում է մեծ դիտումների քանակը, սկսվում է ակտիվ քննարկվել արդյոք երգը հաղթող կճանաչվի, թե ոչ: Երբևէ չեմ քննարկել մասնակցի հարցը, միայն ուրախացա 1 անգամ, երբ Հայաստանը ներկայացնում էին Ինգա և Անուշ Արշակյանները:
Մեկնաբանեմ` ինչու. անկեղծ այն կարծիքին եմ, որ Եվրատեսիլում քվեարկության կարգն ընտրված է այնպես, որ Հայաստանը հաղթելու շանսեր չունի, ընդ որում այնտեղ անգամ նշանակություն ունի մեր աշխարհագրական դիրքը, էլ չեմ քննարկում այն, որ ամեն տարի Եվրատեսիլին մասնակցող երկրներից մեկը մրցույթով ինչ-որ քաղաքական խնդիր է լուծում, իսկ մենք չունենք այն քաղաքական և ֆինանսական ռեսուրսները, որպեսզի կարողանանք նման մասշտաբի խնդիր լուծել, և հետևաբար պետք է փորձենք ընդամենը Եվրատեսիլից մաքսիմալ օգուտ քաղել:
Իմ սուբյեկտիվ կարծիքով միակ օգուտը, որ կարող ենք քաղել, աշխարհին մեր մշակույթը ցույց տալն է` դուդուկից մինչև յարխուշտա, ինչու չէ` բերդ պար: Խորին հարգանք տածելով և չքննարկելով ոչ Արամին, ոչ էլ երգը` ուղղակի ուզում եմ փաստել, որ Հայաստանը Եվրատեսիլից օգուտ կքաղի միայն նրանով, որ Արամին կտեսնեն մարդիկ, ովքեր մինչ օրս չէին տեսել, ընդ որում չեմ կարող չնշել, որ այս երգով չեն արտացոլվում Արամի բոլոր հնարավորությունները: Իսկ էլ և ով ինչ է շահում. շահում է նաև յուքոմը, քանզի տեսահոլովակում առկա է յուքոմի գովազդը: Իսկ եթե խորը վերլուծենք, կհասկանանք, թե նույն տեսահոլովակում ինչեր կարելի էր ցույց տալ` հաշվի առնելով, թե ինչպիսի դիտումների քանակ է ապահովվում: Ստացվում է, որ աշխարհին մեր մշակույթին ծանոթացնելու փոխարեն ընտրում ենք աշխարհին Արամին և յուքոմի հետ ծանոթացնելը:
Հ.Գ. Եվս 1 անգամ ուզում եմ փաստել, որ նկատառումս ամենևին չի առնչվում ոչ երգչին, ոչ էլ երգին: Ընդամենը նպատակ է հետապնդում ունենալ 1 միասնական որոշում. այն է` Եվրատեսիլին ներկայանալ ոչ թե երգչով, այլ ազգային մշակույթով, և ընդհանրապես չմտածել մրցանակային տեղերի մասին, այլ ընդամենն ունենալ 1 խնդիր` ևս 1 անգամ մարդկությանը ներկայացնել մեր ազգային մշակույթը, երգն ու պարը: Իսկ Արամին հաջողություն եմ մաղթում: