▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Իրանի դեմ ռազմական բախումը վերածվի պատերազմի՝ Հայաստանի մասով կա երկու սպառնալիք»

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Ի լրումն նախորդ գրառման, որպես «բացահայտում 2» ասեմ, եթե Իրանի դեմ ռազմական բախումը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, այդ ժամանակ Հայաստանի մասով կա երկու սպառնալիք` Թուրքիան և հակաիրանական կոալիցիան ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս արագ վերահսկողություն ստանա Նախիջևանն ու Ադրբեջանը միացնող ցամաքային ճանապարհի վրա։ Հակաիրանական կոալիցիան փորձելու է նաև Հայաստանի տարածքն օգտագործել որպես պլացդարմ, չնայած Արցախից օկուպացված տարածքները արդեն բավարար են ընդհանուր ճակատի համար։
Հաջորդ սպառնալիքը ռազմական կոնֆլիկտի ժամանակ Հայաստանի դիրքորոշումն է, որի ոչ ճշգրիտ հաշվարկը կհանգեցնի Թուրքիայի և Ադրբեջանի ծավալմանն ի հաշիվ Հայաստանի։
Մյուս կողմից՝ Իրանը, եթե կարողացավ պատվով դուրս գալ իր դեմ ծրագրված միջազգային դավադրությունից, ապա անպայման անդրադառնալու է նաև իր հարևաններին, որոնք կոնֆլիկտի ժամանակ օժանդակել կամ թշնամաբար են տրամադրվել իր դեմ։ Երկու դեպքում էլ հատուցում լինելու է` բարեկամին բարեկամաբար, թշնամուն` թշնամաբար»։

Ավելի վաղ, Արա Պողոսյանը գրել էր․ Բայց ես մի բացահայտում պիտի անեմ, որը հիմնված է փաստերի համադրման վրա։

1994-ից սկսած ադրբեջանական բանակը ապրում էր պարտվածի հոգեբանական բարդույթով, ինչը նրան անպիտան էր դարձրել ռազմավարական գործողությունների համար։ Ու անկախ զինվածության մակարդակից, անկախ սպառազինության քանակից ու որակից, պարտվածի հոգեբանական բարդույթը հետապնդում էր ադրբեջանական բանակին։ Դա զգալի էր հատկապես սահմանային ծառայություն կատարող հրամանատարներին ու զինվորներին։ Նրանց մեկ կրակոցը լռեցվում էր Հայկական Բանակի անհամարժեք մեծ կրակի տեղատարափով, ինչից հետո ազերի զինվորականները դեռ երկար ժամանակ անգամ դիրքերում չէին երեւում։

Այդ նպատակով, բնականաբար արտաքին խորհրդականների խորհրդով ստեղծվեց էլիտար նշանակության «յաշմա» ստորաբաժանումը, որը դրսում վերապատրաստվելուց հետո ներգրավվում էր հիմնականում դիվերսիոն, դիվերսիոն-հետախուզական և հետախուզական գործողությունների մեջ։

Բայց սա բավարար չէր ադրբեջանական բանակը մարտունակ դարձնելու և տարածաշրջանային խնդիրներում ներգրավելու համար, ուստի անհրաժեշտ էր հաղթահարել պարտվածի հոգեբանական բարդույթը և բարձրացնել մարտական ոգին։ Այդ նպատակով անհրաժեշտ էր մեծ ու հաղթական պատերազմ, որտեղ ադրբեջանական բանակը կդառնար հաղթող և ձեռք կբերեր հողթողի հոգեբանական հատկանիշներ։

2020 թվականից հետո միջազգային բոլոր հարթակներում փչվում է ադրբեջանական բանակի միֆը, որպես հաղթող և տարածաշրջանի ամենամարտունակ բանակ։ Ազերիները այս էտապը անցնում են, մանր հիբրիդային գործողությունների միջոցով ամրապնդում են իրենց մարտական ոգին և ռազմական փորձառությունը։

Հիմա ամենակարևորը` ո՞ւմ և ինչո՞ւ է անհրաժեշտ ադրբեջանական մարտունակ բանակը։

-Ո՞ւմ։ Այս հարցի պատասխանը կթողնենք հետագա քննարկումներին և ընթերցողի վերլուծություններին։

-Ինչո՞ւ է անհրաժեշտ ադրբեջանական մարտունակ բանակ։

Բանն այն է, որ տարածաշրջանում մի պետություն կա, ում դեմ հնարավոր էր այսպիսի մանրակրկիտ կազմված ծրագիր, սակայն այստեղ բացի պարտված բանակը, կար նաև մեկ այլ գործոն, որը կարող էր խոչընդոտել ընդհանուր նպատակին. շիա իսլամ դավանող ազերիներ և շիա իսլամական աշխարհի թիվ մեկ երկիր Իրանի ժողովուրդների միջև առնվազն կա կրոնական եղբայրության գործոնը, որը այս դեպքում չեզոքացվում է ազգային-էթնիկ հարթությունն առաջ մղելով։

Ճիշտ հասկացաք` տարածաշրջանում թիվ մեկ խնդիրը մնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի դեմ տարվող հիբրիդային պատերազմը հանգելու է մի օր բաց պատերազմի, եթե մինչ այդ Իրանը տապալելու «փափուկ» միջոցները չաշխատեն։ Այստեղ պատահական չէ, որ Իրանը բացասաբար է վերաբերվում տարածաշրջան մտնող ցանկացած արեւմտյան ներկայության։

Շատ չծավալվելու համար պարզապես ասեմ, որ փչված ադրբեջանական «հաղթական» բանակը ոչնչացվելու է Իրանական սարահարթում, եթե մինչ այդ իհարկե չփոխվեն Ադրբեջանին պատրաստող երկրների ու կազմակերպությունների շահերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին