▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Հասմիկ Պողոսյանն իրեն շրջապատեր գիտակ և մշակութասեր մարդկանցով, այս ամենը չէր լինի


Հասմիկ Պողոսյանը բարեկամս չէ: Ավելին, նա իմ հանդեպ թշնամաբար է տրամադրված: Այնքան թշնամաբար, որ իմ գրքերը հանում է պետական պատվերի ցուցակներից, Թատրոն X փառատոնի նախօրյակին ևս իր թշնամանքն ի ցույց դրեց... Բայց ես չեմ առաջնորդվում այս կամ այն պաշտոնյայի՝ իմ հանդեպ ունեցած սիրով կամ ատելությամբ: Ինձ համար գլխավորը մշակույթն է: Ազգային մշակութային հարստություններն են:Եվ հենց այդ դիրքերից էլ ուզում եմ խոսել:

Հասմիկ Պողոսյանն այսքան տհաճ ու անհեթեթ պատմությունների մեջ չէր հայտնվի, եթե իրեն շրջապատեր ոչ թե պատեհապաշտ, նախարարից մի օգուտ ստանալու ամբիցիաներով լցված, այլ՝ գիտակ մարդկանցով: Գրագետ խորհրդականներով: Կիրթ ու մտավորական պահվածք ունեցող մարդկանցով: Եթե մի նախարարի խորհրդական Եղիազարյան Նաիրան է, արդեն պարզ է, թե այդ նախարարությունում ինչ է տիրում... Եթե նախարարին օգնեին, իրազեկեին, աջակցեին, ապա, իսկապես, Զվարթնոց և Գառնի տաճարներում այս ամենը չէր լինի:

Նախարարի մտահոգությունը՝ ՊՈԱԿ-ներն ապահովել արտաբյուջետային միջոցներով՝ արդարացի է և ճիշտ: Աշխարհի ցանկացած երկրում մշակույթը նաև բիզնես է՝ խելացի, արդարացված բիզնես: Պատմամշակութային հուշարձանների պահպանումը, վերականգնումը, խնամքն ահռելի միջոցներ են պահանջում: Եվ, բնականաբար, պետությունը չի կարող հատկացնել պահանջվող ողջ գումարը: Դրա համար պետք է լինեն լրացուցիչ ինվեստիցիաներ, նախաձեռնություններ: 
Բայց ինչպիսի՞ք:

Բոլոր նրանք, ովքեր եղել են այլ երկրներում և այցելել են պատմամշակութային հուշարձաններ, տեսել են, որ դրանց շրջակայքում կան սրճարաններ, ռեստորաններ, փոքրիկ խանութ-կրպակներ, լուսանկարչատներ, հյուրանոցներ: Կարելի՞ է ունենալ այս ամենը մեր պատմամշակութային հուշարձանների մոտակայքում: Իհարկե, կարելի է: Անգամ՝ անհրաժեշտ է: Սակայն պետք է մշակվեն չափորոշիչներ, ըստ որոնց այս կառույցները պետք է գտնվեն հուշարձանից հարյուր մետր հեռավորության վրա: Թող մշակույթի նախարարությունը մշակի չափորոշիչներ, նախագծի տիպարային խանութներ ու սրճարաններ և առաջարկի գործարարներին:

Գործազրկության պայմաններում նախարարությունը կարող է հուշարձանների մոտակայքում ստեղծել կիրառական և ազգագրական արվեստի արհեստանոցներ և արվեստանոցներ, զարկ տալ ուղեցույցների, լուսանկարչական ալբոմների հրատարակչությանը: Դրանք կլինեն ինքնածախսածածկող, դրանք լուրջ ֆինանսական հոսքեր կապահովեն: 

Ոչ ոք դեմ չէ պատմամշակութային հուշարձանների տարածքում գեղարվեստական միջոցառումների կազմակերպմանը. Համերգներ, թատերականացված հանդեսներ, փառատոներ. դրանք և՛ կնպաստեն հուշարձանների հանրահռչակմանը, և՛ գեղարվեստական կյանքի հարստացմանը: Հենց նույն Գառնո ու Զվարթնոցի տաճարների շրջակայքում կարելի է կազմակերպել մշակութային բանավեճեր, գեղարվեստական ֆիլմերիցուցադրություն...

Սրանք որպես առաջարկություն եմ ներկայացնում և հուսամ, որ նախարար Հասմիկ Պողոսյանն ի վերջո կմտածի, որ ցանկացած ընդդիմադիր կեցվածք կառուցողականության հանդեպ թշնամանքի արտահայտությունն է: Ուրեմն, գործենք հանուն մշակույթի: Իսկ վատ խորհրդականներից ու քծնքծնողներից, տգետ խորհրդականներից պետք է ազատվել: Որքան շուտ, այնքան՝ լավ:

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին