Տհաճ է, իհարկե, որ այսօր Հայաստանը ռուսական ՌՏՌ-ի լրագրող Դիմա Կիսելյովի համար նույնն է, ինչ, ասենք, Նենեցական ինքնավար շրջանը, և այստեղ նա պահում է իրեն այնպես, ինչպես չէր պահի, այնուամենայնիվ, նույն այդ շրջանում:
Սա հենց այն վերջնարդյունքն է, որին հասել է գործող նախագահը՝ բնականաբար ժառանգություն ստանալով իր նախորդից: Եթե շարունակվի այս գիծը, ապա աչքիս իրականություն կդառնա ռուսական գուբերնիայի՝ ծայրամասային գավառի հեռանկարը, որ եղել է նախկինում, և որին միտում ունի ապագան: Շնորհավորանքներս քվազինժդեհական ահել ու ջահել կարիերիստներին ու թալանչիներին...
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախորդ օրն անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում. «Ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական լսումների ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, նրա նահատակների հասցեին: Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը»,-ասաց պատգամավորը՝ դատապարտելով նաև նիստին ներկա ԱԺ պատգամավորների պահվածքը: