▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկուսն էլ սպանում են Երկրապահի գաղափարը....

Հանգիստ թողեք ազատամարտիկներին....

Երբ ամիսներ առաջ գրեցի «հրացանավոր մարդու» քաղաքականացման վտանգի մասին, շատերի կողմից սխալ հասկացվեցի, հակադարձեցին, վիրավորվեցին:
Այն ժամանակ էլ, հիմա էլ ասածս այն չէ, որ ազատամարտիկը քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի. անշուշտ՝ ունի: Հայրենիքի առջև իր պարտքը կատարած մարդը Հայաստանի քաղաքացի է, լավագույն քաղաքացի ու դիրքորոշում ունենալու, այն ռեալիզացնելու, կուսակցական դառնալու, իշխանության մաս կազմելու, իշխանությանը քննադատելու լիարժեք իրավունք ունի, սակայն անհատական սկզբունքով՝ իր քաղաքական ու գաղափարական համոզմունքին հավատարիմ, առանց ջոկատի ու զորքի ներգրավման:

Ջոկատով, միությունով՝ այդ տղերքն ուրիշ հարց պետք է լուծեն՝ ազատամարտիկի կարգավիճակի, նրա իրավունքների, սոցիալական պաշտպանվածության:
Վազգենի եղերական մահից հետո՝ Երկրապահը դարձավ այն բաժինը, կարկանդակը, որի համար սկսեցին պայքարել քաղաքական սուբյեկտները՝ իրար հրմշտելով, կարկանդակն իրար ձեռից խլելով, մաս-մաս անելով: ԵԿՄ-ն բոլորին ամբողջությամբ էր պետք՝ որպես միասնական «կարկանդակ», որովհետև իշխանություն, թե ընդդիմություն, ակամայից գիտակցում են, որ այս երկրում ոչ թե ժողովրդի քվեն, այլ «ուծն է ծնում իրավունք»:
Սա է մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը, ռեսուրսային պայքարի տխուր հետևանքը:

2008-ը դարձավ տխուր սահմանագիծ, երբ առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվել, Մանվել» էր վանկարկում, իշխանությունն ակնկալում էր, որ նույն այդ Մանվելը կրակելու է ժողովրդի վրա:
Գեներալն ոչ առաջինն արեց, ոչ՝ երկրորդը՝ գերադասելով մի կողմ քաշվել, «խաղից» դուրս գալ: Հիմա սկսվել է խաղի նոր ռաունդ՝ ավելի վտանգավոր, Երկրապահի համար՝ ավելի տնաքանդ: ԵԿՄ ղեկավարությունը՝ Մանվելի ղեկավարությամբ, հանրապետականացել է, Ռուբեն Գևորգյանը կոնտրկատույց է ստեղծում՝ ԲՀԿ-ի հովանու ներքո: Փոխադարձաբար վիրավորում են միմյանց:

Գեներալն արհամարհանքով է խոսում նորաստեղծի մասին, Գևորգյանը տպավորություն է ստեղծում, թե ինքը «էլիտա» հավաքելու խնդիր չունի ու հպարտանում է իր կողքին կանգնած «առաջին գծում կռված կամավոր տղերքով»:
Երկուսն էլ պատերազմում ավանդ են ունեցել, հիմա երկուսն էլ կեղծում են, որովհետև երկուսի դղյակների պարիսպների բարձությունն էլ թույլ չի տալիս նկատել այն թշվառությունն ու անտերությունն, որում հայտնվել են ազատամարտի հարյուրավոր, հազարվոր մասնակիցները: Երկուսի համար էլ՝ տղերքը «գլխաքանակ» են դարձել՝ իրենց քաղաքական ու կուսակցական շեֆերին դուր գալու համար:
Երկուսն էլ ձև են տալիս, որ իրենց նոր շեֆերի կերպարում Վազգենին են հայտնաբերել-գտել:

Երկուսն էլ սպանում են Երկրապահի գաղափարը....

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին