Երբեմն լինում են համերգներ, որից հետո երկար ժամանակ չես ուզում ոչ խոսել, ոչ էլ ուզում ես տպավորություններդ կիսել: Ինձ կհասկանան նրանք, ովքեր այսօր ինձ հետ եղել են Սերգեյ Խաչատրյանի և Նարեկ Հախնազարյանի համերգին: Առավել ևս կհասկանան նրանք, ովքեր բախտ ունեին ինձ նման նրանց հետ մի բեմի վրա գտնվելու և իրար հետ երաժշտություն արարելու: Հենց փորձում եմ տպավություններս բառերի վերածել, զգում եմ ինչքան են բառերը տկարացնում այն, ինչ կատարվեց բեմի վրա: Երկու հրաշք, երկուսն էլ Հայ:
Երկուսն էլ շատ երիտասարդ և մոտավորապես նույն սերնդի, այն սերնդի, որին բախտ էր վիճակվել ծնվել Հայաստանի ամենադժվար շրջանում, բայց լինելով երաժիշտների զավակներ նրանց բառացի փրկեցին տանելով մեկին Գերմանիա, մյուսին Մոսկվա ապահովելով բարենպաստ ուսման և ստեղծագործական միջավայր, որն էլ իր արդյունքերը չուշացրեց: Ով գիտի ինչքան Սերգեյներ և Նարեկներ չկայացան չունենալով համապատասխան հնարավորություններ:
Եվ Սերգեյը, և Նարեկը նվագում են աշխարհի լավագույն բեմերում, լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Իսկ Սերգեյը 2013 թվին ճանաչվեց աշխարհի լավագույն երաժիշտ: Ավել բան չեմ գրի: Ցնծա Հայ ազգ: Քո զավակները դրա իրավունքը տվել են քեզ: