Դիտեք նաև՝
Երգչուհի Ջուսը օրերս ֆեյսբուքյան իր էջում երկրպագուներին տեղեկացրել էր իր նոր`«Passion» տեսահոլովակի պրեմիերայի մասին, որը տեղի է ունենալու ապրիլի 11-ին ժամը 13:00-ին Հայկական երաժշտական առաջին ալիքի եթերում: Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել երգչուհու հետ ճշտելու համար մանրամասները:
Asekose.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ տեսահոլովակը նկարահանվել է միստիկ ոճում, և նկարահանել է ռեժիսոր Նադի Իսպիրյանը: Ի դեպ նշենք, որ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին հայտնի պարուհի Թինա Քեյն է: Զրույցի ընթացքում Ջուսը նշեց նաև, որ նախկինում արդեն այս երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակ ուներ, սակայն բազմաթիվ նամանկներից հետո, որոնց մեջ բացասական էին արտահայտվում տեսահոլովակի մասին, նա որոշեց նույն երգի հիման վրա նորը նկարահանել: Երգի երաժշտության հեղինակը Ջուսն է, գործիքավորումը` Արսեն Բարսամյանի:
Զրույցի վերջում երգչուհին ավելացրեց և Asekose.am-ին բացեց իր գաղտնիքը, որ տեսահոլովակը նվիրում է իր սիրելիին, ում հետ շուտով պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները:
Այն հարցին, թե արդյոք երգչուհու ընտրյալը հայկական շոու բիզնեսից է, նա պատասխանեց.
«Ոչ, ընտրյալս որևէ կապ չունի շոու բիզնեսի հետ: Նա գործարար է և ապրում է արտերկրում»:
Ջուսը նշեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ծանոթացել է իր ընտրյալի հետ, սակայն հասցրել է հանդիպել նրա հետ ընդամենը մեկ անգամ: Իսկ գաղտնի ընտրյալի վերաբերյալ ուղղված հարցերին` Ջուսը սահմանափակվեց միայն նրա ազգությունը նշելով.
«Սիրելիս կիսով չափ է հայ: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Խոստանում եմ մնացած բոլոր մանրամասները բացահայտել ապրիլի 18-ին, որը ինձ համար շատ կարևոր և նշանակալից օր է լինելու»:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան