▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների ամենասպասված օրը՝ հունիսի 1-ը, կրկին շատ գունեղ անցավ «Օրրան»-ում

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, գործընկերները, ճանաչված և սիրված հյուրերը ջանք չէին խնայել գույնզգույն փուչիկներով, անսպառ ու սիրված ուտեստներով և մեծ-մեծ տոնական տորթով երեխաների օրը հեքիաթի վերածելու համար։ Վաղ առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցները հոգացել էին բոլոր պատրաստությունները՝ ավանդույթ դարձած համեղ բուրգերները պատրաստելու համար։ Երեխաներին շնորհավորելու էր եկել Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Նազիկ Ավդալյանը, ով էլ դարձավ օրվա շեֆ-խոհարարը։ «Օրրան»-ի սաները երգեցին հյուրերի համար, պարեցին Նազիկի հետ և լուսանկարվեցին՝ կերտելով անմոռանալի հուշեր։

«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միջոցառման մեկնարկին  ողջույնի խոսքում նշեց, որ այս դժվարին օրերին թե՛ մեծահասակները, և թե՛ երեխաները ունեն առանձնահատուկ սիրո և ուշադրության կարիք և կարևոր է նրանց բոլորին համախմբել «Օրրան»-ի ջերմ պատերի ներքո։ «Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրն այսօր շատ կարևոր և արդիական հարց է և պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում։ Երեխաները մեծահասակների կողմից պետք է մշտապես զգան սեր, նվիրվածություն, հոգատարություն և պաշտպանություն»,- հավելեց տիկին Հովհաննիսյանը։

Այս տարին առանձնահատուկ էր, քանի որ «Օրրան»-ի երևանյան կենտրոնի սաների կողքին կային արցախցի բազում տեղահանված երեխաներ, ինչպես նաև անապահով և կարիքավոր երեխաներ որոնց պատմությունները լուսաբանվել էին Արմենիա Հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդաշարի շրջանակում։  

Միջոցառման ավարտին Նազիկ Ավդալյանը և երեխաները միասին կտրեցին և համտեսեցին տոնական տորթը՝ լուսավոր ապագայի երազանք պահելով:

Հատուկ շնորհակալություն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին, «Տաշիր Պիցցա» Պիցցերիաների ցանցին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ին և «Թամարա» ընկերությանը օրը համեղ ուտելիքներով, զովացուցիչ ըմպելիքներով և քաղցրահամ պաղպաղակներով գեղեցկացնելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին