
Երեք ամիս անց սպառնալիքները ոչ միայն չեն դադարել, այլև՝ ավելի են ահագնացել. Ալվարդ Թունյանի ընտանիքը կրկին ահազանգում է
2018 թվականի հեղափոխությունից հետո հասարակության մի զգալի հատված ակնկալում էր, որ Հայաստանում կավարտվի արտոնյալ գործարարների ժամանակաշրջանը, իսկ բիզնես միջավայրը կդառնա ազատ և հավասար մրցակցային։
Սակայն մի շարք գործարարների պնդմամբ՝ տեղի ունեցավ ճիշտ հակառակը. փոխվեցին իշխանությունները, բայց չփոխվեց գործելաոճը, պարզապես նախկին ազդեցիկների փոխարեն հայտնվեցին նոր արտոնյալներ։
Այդ համատեքստում հաճախ հիշատակվում է գործարար Նարեկ Նալբանդյանի անունը։
Քննադատների պնդմամբ՝ կարճ ժամանակում նա դարձավ խոշոր ակտիվների սեփականատեր՝ ձեռք բերելով Եղվարդի կերերի գործարանը, ինչպես նաև կառավարության կողմից սեփականաշնորհված «Գոլդեն Պալաս» հյուրանոցը, որի վաճառքի պայմանները մինչ օրս բազմաթիվ հարցեր են առաջացնում հանրության մի մասի մոտ։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հետագայում նրա ազդեցությունը տարածվել է նաև մանրածախ առևտրի ոլորտի վրա։
Մի շարք գործարարներ պնդում են, որ իշխանությունների հետ հարաբերություններում անհամաձայնություն ցուցաբերելուց հետո իրենց նկատմամբ սկսվել են հարկային ստուգումներ, վարչական ճնշումներ և տարբեր պետական մարմինների կողմից վերահսկողական գործընթացներ։
Նրանց համոզմամբ՝ այդ մեխանիզմները կիրառվել են բիզնեսներին ենթարկեցնելու կամ շուկայից դուրս մղելու նպատակով։ Այս պնդումները պաշտոնապես չեն հաստատվել։
Նման պատմության կենտրոնում հայտնվել են նաև «Օազիս» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը։
«Ծիրան» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արամ Հարությունյանը ամիսներ առաջ մեր հետ զրույցում հայտնել էր, որ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հնչում են սպառնալիքներ։
Նա չէր հերքել նաև, որ սպառնալիքներ է ստանում իր մայրը՝ Ալվարդ Թունյանը, իսկ այդ փաստով հաղորդում է ներկայացվել Երևանի Կենտրոնի ոստիկանություն։
Հարությունյանի խոսքով՝ սպառնալիքները վերաբերում են ոչ միայն իր մորը, այլ ամբողջ ընտանիքին։
Նա նաև դժգոհել էր իրավապահ մարմինների աշխատանքից՝ նշելով, որ իր գնահատմամբ գործի քննությունը փաստացի առաջ չի շարժվում։
Սակայն ամենամտահոգիչը տեղի է ունեցել դրանից հետո։
Մեր տրամադրության տակ հայտնված նոր տեղեկությունների համաձայն՝ երեք ամիս անց Ալվարդ Թունյանի նկատմամբ հնչող սպառնալիքները ոչ միայն չեն դադարել, այլև զգալիորեն ահագնացել են։
Ընտանիքի պնդմամբ՝ եթե նախկինում խոսքը պարբերաբար փոխանցվող սպառնալիքների մասին էր, ապա այժմ դրանք դարձել են ավելի հաճախակի, ավելի կոշտ և ավելի բացահայտ։
Ընտանիքը համոզված է, որ իրենց նկատմամբ իրականացվող ճնշումները շարունակական բնույթ են կրում, մինչդեռ իրավապահ համակարգի արձագանքը շարունակում է մնալ անարդյունավետ։
Ստեղծված իրավիճակը, ըստ ընտանիքի, լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Ալվարդ Թունյանի, այլև նրա հարազատների անվտանգության համար։
Նրանք կրկին պահանջում են, որպեսզի իրավապահ մարմինները գործին տան իրական ընթացք, բացահայտեն սպառնալիքների հեղինակներին և ապահովեն ընտանիքի անվտանգությունը։
Ճշտեցինք տեղեկությունը համապատասխանում են իրականությանը ։
Խոսքը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանում որևէ գործարար, որը հրաժարվում է ենթարկվել ճնշումներին, կարող է վստահ լինել, որ ինքը և իր ընտանիքը պաշտպանված են օրենքով։
Խմբագրությունը պատրաստ է հրապարակել Նարեկ Նալբանդյանի, ինչպես նաև իրավապահ մարմինների և մյուս հիշատակված կողմերի մեկնաբանությունները՝ ապահովելով բոլոր կողմերի դիրքորոշումների ներկայացման իրավունքը։


