▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկվա և այսօրվա աղցանները խառնում են ու վաճառում.Հայաստանի սուպերմարկետներն՝ այսօր

«Ոչ մի տեղ՝ լինի սուպերմարկետ, թե փոքր և միջին մարկետ, սննդի վրա նշված չեն արտադրման, պիտանելիության ու վերջնական ժամկետները»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի սուպերմարկետներում վաճառվող աղցանների, կիսաֆաբրիկատների որակի, անվտանգության ու սերտիֆիկացման մասին՝ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նա նշում է՝ երեկվա աղցանը խառնում են այսօրվա աղցանին ու վաճառում.

«Որևէ տեղ տեսե՞լ եք, որ ժամկետ նշված լինի: Իհարկե՝ ոչ: Բաղադրությունն էլ գրված չէ: Իսկ աղցանն անգամ սառնարանային պայմաններում 24 ժամ պետք է մնա, եթե ոչ՝ ուտելիս բորբոսասնկեր են առաջանում, մարդը գնում է ու ստամոքսի ցավից գալարվում»,-նկատեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը:

Նրա խոսքով՝ նույն վիճակն է նաև հանրային սննդի կետերում:

«Երբ հարցնում ես՝ թա՞րմ է, պատասխանում է, որ այո, իսկ, եթե մի քիչ էլ շատ խոսես՝ կասի գնա, իմ օբեկտն է»:

Մելիտա Հակոբյանը խորհուրդ է տալիս՝ խուսափել պահածոյացված բանջարեղենից պատրաստված ուտեստներից:

«Միայն սունկը կարելի է պահածոյացված օգտագործել, մնացածը՝ ոչ»,-նշեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը՝ միաժամանակ հորդորելով հրաժարվել՝ ձեթով պատրաստված, վառված սննդից:

Ինչ վերաբերում է հրուշակեղենին, ապա այս առումով ևս բացթողումներ կան:

«Հնարավոր չէ պարզել, թե ում արադրանքն է: Այստեղ միկրոօրգանիզմներն արագ են աճում, ինչն էլ հանգեցնում է թունավորման և մի շարք հիվանդութունների»,-հավելեց Մելիտա Հակոբյանը:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փախնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ անդրադարձավ տեղական արտադրությանը.

«Հայաստանում սկսել էին պիլմենի, խինկալի արտադրել: Մոնիթորինգը ցույց տվեց, որ լավ է ստացվում: Իսկ հիմա գործընթացը դադարել է, քանի որ արտերկրից ներկրում են, էժան ինչքան ասես լցնում ու դու էլ ինչքան ուզում ես՝ վերցնում ես, կշռում են տալիս: Իսկ, թե ո՞վ է արտադրել, ե՞րբ, անհայտ է»,-ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փախնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավարը:

Նշենք, որ Ասոցիացիան պատրաստվում է դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի սուպերմարկետներին պարտադրվի նշել, թե որ օրվա արտադրանքն է

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին