▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանցիների հավատը դեպի քաղաքապետ և քաղաքապետարան լիարժեք վերականգնվել է. Նաիրա Նահապետյան

«Այսօր նշանակալից օր է բոլորիս համար. մեկ տարի առաջ ընտրվեցինք և Երևանի ավագանի դառնալով` ստանձնեցինք այդ պատասխանատու պարտականությունը: Քանի որ ես ֆինանսաբյուջետային և տնտեսական հանձնաժողովի նախագահն եմ, կարող եմ ասել, թե ինչ է արվել 2013-ին և վստահեցնել, որ այն խոստումները, որ տվել էինք նախընտրական  շրջանում, մեծ թափով փորձում ենք կատարել: Տեսնում եք մեր գեղեցիկ ու կանաչապատ Երևանը... նախորդ տարի տնկվել է մոտ 50 000 ծառ և թուփ, կառուցվել է 20 կմ ոռոգման  ցանց: 2014-ին նախատեսված է կառուցել 23 կմ ոռոգման ցանց և տնկել 65 000 ծառ և թուփ: Ամենակարևորն այն է, Երևանն ամբողջ տարի կլինի կանաչապատ: 2013-ին կառուցվել է 400 բակային տարածք և մինչև տարվա  վերջ  ևս  400-ը կկառուցվեն և կհանձվեն երևանցիներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամների խնդրին. 2013-ին բյուջեից նախատեսված էր 23 միլիոն թեքահարթակներ կառուցելու համար և հիմա  արդեն կարող եք տեսնել, որ քաղաքի  յուրաքանչյուր հատվածում դրանք կառուցված են, իսկ 2014-ին բյուջեից տրամադրվել է ևս 40 միլիոն, և այն շենքերը, որոնք  ենթակա են նոր հանձնման, հարմարեցված են հաշմանդամների տեղաշարժմանը»,-ամփոփելով իր` Երևանի ավագանու անդամ լինելու մեկ տարին` Asekose.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը:

Տիկին Նահապետյանը հատուկ շեշտեց  Տարոն Մարգարյանի` որպես քաղաքապետ, մարդկանց հասանելի լինելու հանգամանքը.

«Քաղաքապետն ամեն օր հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու համար` թե ֆեյսբուքյան էջով, թե այլ միջոցներով: Ցուրաքանչյուր ոք կարող է կապ  հաստատել քաղաքապետի հետ և իրեն հուզող հարցն ուղղել հենց նրան: Մեկ տարվա  ընթացքում քաղաքապետին ուղղել են 14 000 նամակ, որոնք ստացել են լիարժեք պատասխաններ: Կարծում եմ, որ երևանցիների հավատը դեպի քաղաքապետ և քաղաքապետարան լիարժեք վերականգնվել  է»:

Ինչ վերաբերում է  ավագանու ընդդիմադիր անդամների հետ աշխատանքի արդյունավետությանն, ապա Նաիրա Նահապետյանն ընդգծեց.

«Մենք քաղաքապետարանում չենք ընդունում ընդդիմություն ասվածը: Եվ «ԲՀԿ»-ն և  «Ժառանգություն»-ը մեզ հետ շատ կառուցողական  են աշխատում, քանի որ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրված ենք երևանցիների կողմից և հաշվետու ենք հենց նրանց: Ավագանու նիստերի ժամանակ որևէ հակասություն  չենք ունենում միմյանց հետ, և բացի այդ  բոլոր խնդիրները լուծվում են ի շահ  քաղաքացու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին