Երբ կոալիցիայի մեջ են եղել ՀՅԴ-ի հետ, «Երկիր մեդիայի» ռեյտինգը բարձրացրել են, մյուսներինը՝ իջեցրել
Խորհրդարանը քննարկում է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով, ըստ նրա, փորձ է արվում պաշտպանել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը. «Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից, այսինքն՝ այն ռեյտինգներ է տվել հեռուստաընկերություններին, բայց դրանք մեծամասնությամբ եղել են կոնկրետ հեռուստաընկերություններ ու միջազգային գովազդատուները, հաշվի առնելով այդ կազմակերպության տվյալները, իրենց գումարներն ուղղել են այդ հեռուստաընկերություններին: Նախագծով առաջարկվում է, որ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների 50+ տոկոսը միանա ու իրենք ստեղծեն խորհուրդ, որը կընտրի չափումներ իրականացնող կազմակերպության ու իրենք վերահսկողություն կունենան այդ ընկերության նկատմամբ»,- ասել է Գաբրիելյանը՝ ներկայացնելով նաև շահառուների պարզաբանումները, ըստ որի՝ ֆինանսավորումն անարդարացի է բաշխվել. «Էսպես ա եղել, ասենք՝ կոալիցիայի մեջ ե՞նք եղել Դաշնակցության հետ, «Երկիր մեդիա»-ի ռեյտինգը մի քիչ կբարձրացնենք, գովազդից փող կգա, կոալիցիայի մեջ չե՞նք, խելոք չեն պահո՞ւմ, գովազդ չի գնա: «Կենտրոն» հեռուստաընկերությունը պետք ա՞ ռեյտինգ չունենա, չի ունենա, գովազդ չի գա»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ նախագծով պետությունը զրո դերակատարում է ունենալու ռեյտինգերի չափումն իրականացնող ընկերության ընտրության հարցում: |