▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Երկիրը հանդիպում է երկնաքարերի խմբի

Մայիսի 5-6-ի գիշերը կդիտվի աքվարիդների ասուպային  հոսքի առավելագույն փուլը:

Ապրիլի 21-մայիսի 20 ընթացքում դիտվում է Էտա Աքվարիդների ասուպային հոսքը, որն իր առավելագույն փուլում կգտնվի մայիսի 5-6-ի գիշերը և կդիտվի Ջրհոսի (Aquarius) համաստեղության ուղղությամբ: Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ: Հոսքի ինտենսիվությունն իր մաքսիմումում կհասնի ժամում միջինում 12 ասուպի:

Ամեն տարի առաջին Էտա Աքվարիդները կարելի է դիտել ապրիլի 21-ից սկսած, և հոսքը շարունակվում է մինչև մայիսի 20-ը: Երկիրն Արեգակի շուրջ իր պտույտի ընթացքում տարին մեկ անգամ անցնում է Հալլեյի գիսավորից անջատված փոշու միջով, ինչով էլ պայմանավորված է Էտա Աքվարիդների հոսքը: Սրանք խիստ արագաշարժ, երկարավուն հետքեր թողնող ասուպներ են: Այս ասուպային հոսքի հայտնաբերման տարեթիվն ընդունված է համարել 1870 թվականը, սակայն ըստ չինական պատմական գրառումներում պահպանված տվյալների՝ դրանց գոյությունն արդեն հայտնի էր դեռ մ.թ. 410 թվականին: Էտա Աքվարիդների ուսումնասիրման գործում վերջին 30 տարում իրենց մեծ ներդրումն ունեն սիրող աստղագետները, որոնց դիտումների տվյալների վրա հիմնվելով պարզ դարձավ, որ չափազանց մեծ տարբերություն կա հոսքի ինտենսիվությունների միջև հյուսիսային և հարավային կիսագնդերում:

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:
Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, և նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:

Հայկական աստղագիտական ընկերություն


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին