ԵՊՀ–ում դիմորդների թիվը նվազել է։ Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը` մանրամասնելով.
«ԵՊՀ դիմել է 2200 դիմորդ, անցած տարվա համեմատ մոտ 400-ով պակաս դիմորդ կա, իսկ բոլոր բուհերում ընդհանուր թվով մոտ 2000 դիմորդների պակաս կա»:
Դիմորդների թվով վիճակը դրական է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, կառավարում, լեզվաբանություն մասնագիտություններում: Բնագիտական ֆակուլտետներում դիմորդների թվով պայմանավորված վիճակը վատ է: Փիլիսոփայություն, հոգեբանություն, արվեստաբանություն, ռուսաց լեզու մասնագիտություններով նույնպես քիչ են դիմորդների թիվը:
«Այս տարի դրական բալեր ստացող բոլոր դիմորդներին մենք կընդունենք պետական համալսարան: Իհարկե, բոլոր դեպքերում մասնագետների որակը կնվազի, բայց մենք էլ շարժվում ենք եղած իրավիճակից ելնելով. կգա մի օր, որ նորից այդ առարկաները կմտցնենք: Հիմա բուհը պահելու խնդիր կա»,-ասել է Վաչագան Գալստյանը: