▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի

Օրագիր.news-ը գրել է. Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում նշվում է Գիտելիքի և դպրության տոնը, մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Ընդունված է, որ այս օրը պետական պաշտոնյաները, քաղաքական ու հանրային գործիչները ուղերձներ են հղում՝ աշակերտներին, ուսուցիչներին, ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ։

Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ էր հղել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որում ընդգծել էր՝ հաջողությունը միայն նպատակներին հասնելը չէ։

«Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Այսօր թեև ոչ աշխատանքային է, սակայն խորհրդանշորեն ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկը, և մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին կլինի այն։ Ես վստահ եմ, որ մենք՝ համալսարանականներս, կձգտենք առավելագույնի՝ ձևավորելու ստեղծագործ միջավայր և արձանագրելու առաջընթաց բոլոր ոլորտներում։

Այսօր իմ խորհուրդն ու մաղթանքը մեկն է. հիշե՛ք, որ հաջողությունը միայն նպատակակետին հասնելը չէ։ Դա այն փորձառությունների ամբողջությունն է, որոնք ունենալու եք այդ ճանապարհին։ Նոր գիտելիք, մարտահրավեր, ընկերություն, յուրաքանչյուր դաս ու զրույց, բացահայտումների յուրաքանչյուր բերկրանք՝ սրանք այն կարևոր թելերն են, որոնցով հյուսվելու է նոր ուսումնական տարվա պատմությունը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Բարի գալուստ ԵՊՀ»,- նշել էր ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Գրառմանը կից ԵՊՀ ռեկտորը հրապարակել էր նաև իր լուսանկարը, որտեղ նա կրում էր թանկարժեք ժամացույց։ Oragir.News-ը պարզեց, որ Հովհաննես Հովհաննիսյանի ձեռքին Chopard – Mille Miglia Gran Turismo XL տեսակի ժամացույց է, որի շուկայական արժեքը տատանվում է 7-10 հազար դոլարի սահմաններում․ մասնավորապես Timepiecetrader.com կայքում այս ժամացույցն արժե 7090 ամերիկյան դոլար, որն այս պահին 27%-ով զեղչվել է և դարձել 5175 դոլար, իսկ որոշ այլ կայքերում նրա արժեքը հասնում է մինչև 10․000 դոլարի։

Հովհաննես Հովհաննիսյանի կրած թանկարժեք ժամացույցը վկայում է, որ ԵՊՀ ներկայիս ռեկտորն իր ՔՊ-ական նախկին ու ներկա գործընկերների նման 2018 թվականից հետո շեշտակի բարելավել է իր նյութական վիճակը և այժմ կարողանում է 7-10 հազար դոլար արժեքով ժամացույց կրել։

Ենթադրում ենք, որ Հովհաննիսյանն այս ժամացույցը գնել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո [Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտոր է ընտրվել 2021-ի դեկտեմբերի 17-ին, իսկ նախքան դա նա եղել է ԱԺ պատգամավոր], քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա վերջին՝ 2021 թվականի տարեկան գույքի և եկամուտների հայտարարագրում այս ժամացույցը ներկայացված չէ։

Հատկանշական է, որ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում ռեկտորի ուղերձը հրապարակվել էր մեկ այլ լուսանկարով, որտեղ վերջինիս թանկարժեք ժամացույց ընդգծված չէր։ Ենթադրում ենք, որ ֆեյսբուքյան գրառումը կատարելուց հետո Հովհաննիսյանի մերձավորները նրան հուշել են, որ բուհում տարեցտարի ուսման վարձերի բարձրացման ֆոնին նման թանկարժեք ժամացույցով լուսանկարի հրապարակումը կարող է համալսարանականների շրջանում դժգոհություններ առաջացնել, ուստի ուստի վերջինս հանձնարարել է բուհի պաշտոնական կայքում իր ուղերձը մեկ այլ լուսանկարով հրապարակել։


Oragir.News-ը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին ջերմորեն շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաև թանկարժեք ժամացույց գնելու կապակցությամբ, մաղթում, որպեսզի վերջինս ջանք ու եռանդ չխնայի՝ մայր բուհը գերժամանակակից տեխնիկայով ու լաբորատորիաներով համալրելու, ուսման որակն էականորեն բարելավելու նպատակով։ Լավատեսորեն ակնկալում ենք, որ այս ուսումնական տարվա ընթացքում կամ առնվազն մինչև 2030 թվականը՝ Ակադեմիական քաղաքի հիմնադրումը, ԵՊՀ-ն վերջապես կընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում, քանզի կարծում ենք, որ Հովհաննես Հովհաննիսյանն իր 7-10 հազար դոլարանոց ժամացույցով արդեն համալրել է ամենաթանկարժեք ժամացույցներ կրող 500 ռեկտորների ցանկում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին