▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրվում են ժողովրդին օգուտ տալու համար, թե՞ իրենց

Երբ հյուր ես գնում բարեկամիդ տուն, երբեք չես ասի՝ ինձ այս տվեք, ինձ այն տվեք ուտելու։ Սուս ու փուս կնստես, ճաշի սեղանին, ինչ հրամցնեն, այն կուտես։ Այսպես է քաղաքավարության օրենքը։

Երբ փողոցում տեսնես մի գեղեցիկ կնոջ, երբեք նրան չես ասի՝ ինձ սիրիր, այլ, ընդհակառակը կասես՝ ես քեզ սիրում եմ։ Այդ է պահանջում քաղաքավարությունը։

Եթե սովետական գրող չես, այլ սովորական, մարդավարի գրող, երբեք չես բռնի քննադատի կոկորդից, թե ինձ շեփորիր ու ներբողներ հյուսիր իմ գրքի մասին, այլ սուս ու փուս գրվածքը կդնես իր առջև կասես.

- Դու ու քո խիղճը, ինչ գնահատական ուզում ես տուր։

Այս բոլորը պահանջում է քաղաքավարությունը մեր առօրյա կենցաղում։

Իսկ երբ մտնում ենք քաղաքական կյանք, այնտեղ արդեն պատկերը փոխվում է։

Սոցիալիստական աշխարհում ընտրությունների ժամանակ թեկնածուն, ատրճանակն ընտրողի կրծքին ուղղած, ասում է. «Ինձ ընտրիր, թե չէ՞ կրակեցի»։

Կապիտալիստական երկրներում ընտրելիները ժողովրդին սուտ ու փուտ խոստումներ են տալիս, բարեկամաբար նրա ձեռքն են սեղմում, տրամվայի մեջ վեր են կենում, իրենց տեղը ժողովրդին են տալիս, խոլվաթ տեղ մի բաժակ օղի են առաջարկում, վերցնում ընտրողի երեխային գիրկն ու համբուրում, թշին զարնում ու «ջանիկ» ասում, վերջապես, ոտքն են ընկնում, աղաչում, պաղատում, որ քվեն իրենց տան։

Հարց։ Ինչո՞ւ այսպիսի դժվարություններով ընտրվել են ուզում թեկնածուները. ընտրվում են ժողովրդի՞ն օգուտ տալու համար, թե՞ իրենց։

Ես կարծում եմ՝ իրենց։

Որովհետև տեսնված չէ, որ անցորդը փողոցում նստած մուրացիկին խնդրի, աղաչի, որ իրենից մի ողորմություն ընդունի, ընդհակառակը՝ մուրացիկն է պաղատում և ընդունելիս էլ անվերջանալի օրհնություններ է թափում անցորդի գլխին։

Եթե թեկնածուները ժողովրդի բարիքի համար են կամենում ընտրվել, ինչո՞ւ ուրեմն, չեն սպասում, որ ընտրողները գան իրենց աղաչեն-պաղատեն։

Պարզ է, չէ՞։ Նշանակում է՝ թեկնածուն պարզապես ասում է ընտրողներին.

- Մի փոքր ծռվեք, նստեմ ձեր կռնակին, ուտեմ-խմեմ, ման գամ աշխարհում։

Ի՞նչ եմ ուզում սրանով ասել։

Սրանով ուզում եմ ասել, որ աշխարհում որևէ տերև, որ շարժվում է, այդ անձնական շահի համար է լինում, չլիներ անձնական շահ՝ տերևն հավետ անշարժացած կկախվեր ծառից...

Լեռ Կամսար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին