▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրվել է Սերժ Սարգսյանի փաստացի իշխանությունը վերարտադրելու ամենաանհաջող տարբերակներից մեկը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր:

ՀՀԿ-ում աստիճանաբար հանրությանը վարժեցնում են Սերժ Սարգսյանի համազգային մասշտաբի գաղափարին: Կասկածից վեր է, որ գործ ունենք ոչ թե գեղարվեստական ձևակերպման կամ պատկերավոր արտահայտության, այլ քաղաքական նոր կարգավիճակի հետ, որը փորձում են ասոցացնել Սերժ Սարգսյանի անվան հետ: Շարմազանովը երեկ իր ասածը նույնիսկ հիմնավորել է ինստիտուցիոնալ կապով՝ նկատելով, որ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է Հայաստան-Սփյուռք համաժողովի քաղաքական ուղերձը: Թերևս հենց սա էր բովանդակազուրկ այդ համաժողովի «պատմական առաքելությունը», որպեսզի դրա և ՄԱԿ-ում Սարգսյանի ելույթի ժամանակագրական, քաղաքական կապով լեգիտիմացվի գործող նախագահի «համազգային» լիդերությունը:

Սերժ Սարգսյանի շրջապատում նույնիսկ առանձնացրել են գործունեության այն ոլորտները՝ արտաքին քաղաքականություն, անվտանգություն, պաշտպանություն, որոնք ընդգծելու են «համազգային լիդերի» լեգիտիմ գերազանցությունը Հայաստանի սահմանադրական ղեկավարի՝ վարչապետի հանդեպ:

Խորքային առումով գործ ունենք վտանգավոր սցենարի, մտայնության հետ, որովհետև, ըստ էության, տեղի է ունենում պետական ինստիտուտների նպատակային արժեզրկման, փոշիացման գործընթաց՝ մեկ մարդու ապագա ոչ լեգալ իշխանությանը քաղաքական լեգիտիմություն հաղորդելու նպատակով: Այս տրամաբանությանն են ենթարկվում նաև ապագա վարչապետի լիազորությունները օրենսդրորեն «խուզելու» մտադրությունները, ապագա վարչապետի անհատական կերպարը կուսակցական էլիտայի հավաքական իշխանության անխուսափելիությանը ստորադասելու նպատակային քարոզչությունը:

Եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ապա ընտրվել է Սերժ Սարգսյանի փաստացի իշխանությունը վերարտադրելու ամենաանհաջող տարբերակներից մեկը՝ մանավանդ, որ նոր Սահմանադրությունն ու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները թույլ են տալիս, որպեսզի Սարգսյանը, որպես հաղթած քաղաքական ուժի ղեկավար, միանգամայն լեգիտիմ հիմքով զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ ձևավորելով նոր իշխանություն:

Շատ ավելի վտանգավոր է այն գաղափարական միջավայրը, որտեղ ձևավորվելու է «համազգային լիդերը»: ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթի առանցքը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մտադրությունն էր: Եթե մեր «համազգայնության» մոտիվը, «համազգային լիդերի» քաղաքական պլատֆորմը դարձյալ լինելու է պրիմիտիվ հակաթրքականությունը, ապա 2018-ի ապրիլից հետո պետությունը խոցելի ենք դարձնելու ոչ միայն ինստիտուցիոնալ առումով, երբ երկիրը ղեկավարելու է սահմանադրական կարգավիճակ չունեցող անձը, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև հակաթուրքական դեմարշը՝ հատկապես քրդական հանրաքվեի և ռուս-թուրքական հնարավոր նոր համաձայնությունների համատեքստում, զուրկ է որևէ քաղաքական բանական մոտիվացիայից:

Ակնհայտ է, որ 2018-ի ապրիլից հետո երկիրը դե ֆակտո շարունակելու է ղեկավարել Սերժ Սարգսյանը, սակայն վերջինիս նոր իշխանությունը կարող է լեգիտիմ և ռացիոնալ  լինել միայն նրա վարչապետության պարագայում: «Համազգային լիդերությունից» մի տեսակ ավտորիտարիզմի և միջնադարյան ասիականության խորշելի հոտ է փչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին