▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին և եկեղեցական կարգապահությունը. ինչպե՞ս և ե՞րբ այն խախտվեց

Այն ժամանակից, երբ Եզրաս աբեղա Ներսիսյանը նշանակվեց Լենինգրադի` ներկայիս Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Հարություն եկեղեցու հովիվը, որն արդեն պաշտոնապես մեզ հանձնվել էր, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում սկսվեցին ոտնձգություններն ու բոլոր եկեղեցական կանոնների խախտումները Ներսիսյան եղբայրների կողմից։

Ուշացումով մենք տեղեկանում ենք, որ Գարեգին Ներսիսյանը եղել է Լենինգրադում, և եկեղեցու հիմքն օրհնել ու օծել է այդ քաղաքի արվարձաններից մեկում` առանց մեր գիտության` հակառակ առաքելական կանոնների։

Կանոնների խախտումները շատ են, այդ ոտնձգություններն ակտիվ և համատարած եղան, երբ Վազգեն Վեհափառը ծանր հիվանդ վիճակի մեջ էր։ Սկսած մեծբալթյան երկրներից մինչև Հարավային Ռուսաստանի հայաշատ քաղաքները Գարեգին Ներսիսյանը իր «հովվապետական» գործունեությունը» ծավալեց ազգային մեծ բարերար տիկին Լուիզ Սիմոնյանի ուղեկցությամբ։

Ներկայումս նույնպես, իբրև կաթողիկոս, Գարեգին Բ-ն առանց որևէ պաշտոնական հայտարարության, կարող է հայտնվել աշխարհի տարբեր երկրներում։ Կաթողիկոսի յուրաքանչյուր ուղևորություն պետք է լինի պաշտոնական հայտարարությամբ, (եթե, անշուշտ, նա ազգընտիր կաթողիկոս է), ազգը պետք է տեղյակ լինի, թե կաթողիկոսն ի պաշտոնե ուր է մեկնում: Սա է Հայ եկեղեցու կարգ ու կանոնը և ավանդությունը: Այսպես, հայրապետը թափորով իջնում է Մայր Տաճար, և Իջման Սեղանի առաջ աղոթում է, և օրվա լուսարարապետը բարձրաձայն հայտարարում է, որ կաթողիկոսը մեկնում է ասինչ երկիր` հովվապետական այցելությամբ, միջեկեղեցական կամ միջազգային ժողովի` քոյր եկեղեցիների հրավերով, բուժման, հանգստյան կամ այլ միջոցառումների առիթով, ու մաղթում է բարի ճանապարհ։

Սակայն ամեն ինչ տակնուվրա լինելով խախտվել է` օգտվելով վերջին երկու կաթողիկոսների հիվանդության հանգամանքից և ունենալով հովանավորությունը ազգային մեծ բարերարի, անօրինաբար արեցին այն, ինչ ուզեցին անել։

Եզրաս աբեղան շատ հաճախ բացակայում էր իր հոտից` առանց թեմի առաջնորդի գիտության: Այսպես, օրինակ, ութսունական թվականների կեսերին վերջինս հեռախոսով հայտնեց ինձ, որ Լենինգրադում պետք է լինի շատ մեծ ցույց, Նեվսկի պողոտայի վրա գտնվող բոլոր չգործող եկեղեցիների առաջ, որպեսզի դրանք վերաբացվեն։ Երբ ես ժամանեցի Լենինգրադ, ինքն այնտեղ չէր: Այն հարցումին, թե ուր է Եզրաս աբեղան, ասացին, որ նա մեկնել է Միացյալ Նահանգներ` չգիտես, թե ում թելադրանքով։

Սուրբ Հարություն և Սուրբ Կատարինե եկեղեցիների ու նրանց հարակից շենքերի վերանորոգությանց նյութական աշխատանքների վերաբերյալ, ոչ մի հաշվետվություն չի եղել թեմական խորհրդին։

Սուրբ Կատարինե եկեղեցու բացումը եղավ Գարեգին Բ-ի ընտրությունից ամիջապես հետո, երբ ես դեռ առաջնորդ էի, Գարեգին Բ բոլորովին արհամարհական և վիրավորական վերաբերմունք ցուցաբերեց իմ անձի նկատմամբ: Հայ եկեղեցու կանոնով եկեղեցու օծումը կատարում է թեմի առաջնորդը: Այս պարագային, Գարեգին Բ-ի հրահանգով, սույն եկեղեցու օծումը կատարեցին Վաչե Հովսեփյան և Նավասարդ Կճոյան արքեպիսկոպոսները, իսկ իմ մասնակցությունը այդ արարողությանը երկրորդական էր` նույնիսկ շուրջար չտրամադրելով ինձ, որոնց նկարները կան։

Եղել են դեպքեր, երբ Գարեգին Բ կաթողիկոսը ժամանել է Մոսկվա` մասնակցելու Մոսկվայի մի հեղինակավոր հայի գերեզմանի օրհնությանը հայկական գերեզմանոցում, առանց եկեղեցի մտնելու նույն օրը ինքնաթիռով վերադարձել է Հայաստան: Ահա նրանց քրիստոնեական ոգին ու Հայ եկեղեցու կանոնների հանդեպ ունեցած պահելաձևը։

Ինչ վերաբերում է Մարտիրոս քահանա Բերբերյանին, արդեն բազմիցս ասել եմ, որ նա հավատացյալ ընտանիքի զավակ է, հայրը` լուսահոգի Նուբար ավագ սարկավագ Բերբերյանը, մինչև իր կյանքի վերջը ծառայել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմում, հեղինակ է շատ եկեղեցական ու քրիստոնեական գրքերի։

Բերբերյան եկեղեցասեր ընտանիքը սերում է թերևս Խարբերդից, որտեղ նրանք սերնդեսերունդ եղել են Հայ եկեղեցու անխոնջ ծառաները, և այդպես դաստիարակել են իրենց զավակներին: Տեր Մարտիրոսի մայրը Փուշյան ընտանիքի դուստր էր, հերոսական Հաճընից, որտեղ կանայք տղամարդկանց հետ միասին քաջաբար պայքարեցին թշնամու դեմ` մի ձեռքում ունենալով խաչ, մյուս ձեռքում` զենք։ Ահա այսպիսի ոգով է մեծացել Տեր Մարտիրոսը: Մանուկ հասակից Նուբար սարկավագը փոքրիկ Մարտիկին միշտ տարել է եկեղեցի, և նա սիրով նվիրվեց մեր եկեղեցուն։ Նույն ոգով այսօր Տեր Մարտիրոսը դաստիարակում է իր որդիներին, մանավանդ տասնամյա փոքրիկ Դավթին, ով ամեն կիրակի մասնակցում է Սուրբ Պատարագի խորհրդին, որին վերջերս Եզրասը Ներսիսյան եղբայրների անձնական «եկեղեցական կարգ ու կանոնով» արգելեց խորան բարձրանալ։

Երբ Մարտիրոս Բերբերյանը իր ծննդավայր Բեյրութից տեղափոխվեց Մոսկվա, նա ամեն կիրակի գալիս էր եկեղեցի ու մեծ սիրով մասնակցում էր եկեղեցական բոլոր արարողություններին, և մեր եկեղեցու հավատացյալների հոգևոր ծարավն էր հագեցնում` հոժարակամ բացատրելով Ավետարանը, ինչպես նաև պատմում էր հայ ժողովրդի կյանքում մեր եկեղեցու կարևորության մասին: Նա ունի մեծ կրոնական գիտելիքներ։ Երկրաշարժից և Խորհրդայի Միության փլուզումից հետո, Հայաստանից արտագաղթող ժողովուրդի հետ միասին, Մոսկվայում հայտնվեցին նաև աղանդավորները: Ահա այստեղ իր մեծ ծառայությունն էր կատարում Մարտիրոս սարկավագը։

Մեր և բազմաթիվ հավատացյալների խնդրանքով առաջարկեցինք Մարտիրոս սարկավագին ձեռնադրելու քահանա: Մոսկվա ժամանելուց հետո նա արդեն ուներ իր աշխատանքը և ապահովում էր իր ընտանիքի ապրուստը: Նա ձեռներեց էր, որ զբաղվում էր մանկական խաղալիքներ ներմուծելով Մոսկվա, ունենալով գրասենյակային աշխատանք և չզբաղվելով դրանց վաճառքով: Մեր կարծիքով, նրա այս աշխատաձևը երբեք չէր խանգարում իր հոգևոր ծառայությանը, նամանավանդ որ Տեր Մարտիրոսը կատարում էր հովվական ծառայություն` ի տարբերություն ուրիշների, որոնք պարզ ծիսակատար քահանաներ են։

Ինչպես իմ պարագային, այնպես էլ Տեր Մարտիրոսի համար հաւատացեալների կողմից եղել են բազմաթիվ դիմումներ` հարյուրավոր ստորագրություններով հանդերձ, (որոնց պատճենները հարկ եղած դեպքում կարող ենք հրապարակել), որտեղ խնդրում են արտոնել իրենց հովվին` շարունակելու ծառայությունը։ Մնացածը հայտնի է բոլորին։

Ահա Ներսիսյան եղբայրների քրիստոնեական մոտեցումը ու Հայ եկեղեցին ղեկավարելու ոճը: Մնում է, որ հաջորդ եպիսկոպոսական ժողովում նրանց հայտարարեն անսխալական և իրենց կենդանության օրոք սրբացնեն, որն էլ կվավերացվի մեր Ազգային ժողովի կողմից, ինչպես Գարեգին Ներսիսյանի դիմումով հաստատեցին 400 «օբյեկտների» ազատումը հարկերից:

 

Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան 

Գարեգին Բ կաթողիկոսի կողմից հալածված

Եկեղեցիների և եկեղեցականների Առաջնորդ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին