«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 18-ին Էջմիածնում կայանալիք ընտրությունների՝ քաղաքապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն աղմկահարույց միջադեպ է գրանցվել։ Օգոստոսի 19-ին էջմիածնի բնակիչ Կարեն Խաչատրյանը գնացել է էջմիածնի անձնագրային բաժին՝ տեղեկանք վերցնելու, որպեսզի ներկայացնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածության գրանցման համար, սակայն անձնագրայինից դուրս գալիս նրան քաղաքակիրթ ձևով «առևանգել» են ու խափանել առաջադրման մտադրությունը։ Էջմիածնում շրջող լուրերի համաձայն, «առևանգումը» կազմակերպել են գործող քաղաքապետ, երրորդ անգամ թեկնածության հայտ ներկայացրած Կարեն Գրիգորյանի մարդիկ։ Անձնագրայինից դուրս գալիս նրան է մոտեցել Գրիգորյանի մարդկանցից մեկը, որը նաև Կարեն Խաչատրյանի ծանոթն է, ու առաջարկել է նստել իր մեքենան՝ զրուցելու, որից հետո շարժվել են Աշտարակի ձոր։ Կարեն Խաչատրյանին ժամեր շարունակ պահել են և միայն երեկոյան վեցից հետո են թույլ տվել վերադառնալ Էջմիածին, երբ այլևս առաջադրման ժամկետն սպառված Է եղել։ Պոտենցիալ թեկնածուն չի դիմել ոստիկանություն։ Թե իրականում ինչ սպառնալիքների ազդեցության տակ են պահել, ինչ նպատակով, անհայտ Է։ Միայն հայտնի Է, և կան վկայություններ, որ Խաչատրյանն առաջադրվելու ցանկություն Է հայտնել, բայց չի կարողացել այն իրականություն դարձնել։
Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, որն ընտրությունների նախաշեմին հայտնաբերել Էր, որ 2014-ից ինքը և իր ընտանիքն ապօրինի դուրս են մնացել էջմիածնի գրանցումից, մեզ հայտնեց, որ ինքն անձամբ անձնագրայինում տեսել Է, որ Կարեն Խաչատրյանը եկել Է համապատասխան փաստաթղթի հետևից։ «Եղբորս տղան ավագանի է առաջադրվում, մենք էլ էինք գրանցման թղթի հետևից գնացել, անձնագրայինում տեսա, խոսեցի, ու դրանից հետո ասում են, որ անհետացել է»,– պատմեց Հրաչիկ Աբգարյանը։ Էջմիածնում Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված իրական թեկնածու էլ կա՝ Արթուր Թումանյանը, որն անձամբ է Կարեն Խաչատրյանից ճշտել եղելությունը. «Ես գիտեմ, որ Կարենին տարել-պահել են, որ ժամանակն անցնի, ու 7-ի կողմերը նոր բերել են։ Հեռախոսն էլ անջատած էդ տղու, զանգում էինք, չէինք կարողանում կապվել։ Հետո, այդ տղու ասելով, իրեն տարել են Աշտարակի ձոր՝ իբր հաց ուտելու, ինքն էլ չի կարողացել ինչ-որ բան անի, տարել-պահել Են, որ Կարեն անունով մարդ չլինի իրենց դեմ։ Ասում էր, որ իրեն տանողը հարևանի տղա էր, քաղաքապետարանի աշխատող, ասել է՝ նստի մեքենան, գնացել են։ Գուցե բաներ կան, որ ինքն ինձ չի ասում, գիտեք, որ վախի մթնոլորտ է այստեղ, մեր պայքարն էլ վախի մթնոլորտի դեմ է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։