▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Է՛հ, թող մնացածն էլ մեր աչքի առաջ անեն, էլի…

Ի դեմս Ջաղինյանի ու Մարգարիտայի՝ հաջորդ անգամ էլ եթերում  «անակնկալ» կհայտնվեն «քավորն» ու  «քավորկինը»

 

Օ՜հ, ինչպիսի  «սենսացիա», ինչպիսի՜ «արտառոց դեպք»,  ինչպիսի՜ «ցնցող իրադարձություն»

Հանրայինի ղեկավարությունը հեռուստաընկերության ցածր վարկանիշը մի քիչ բարձրացնելու համար «շոկաթերապիային» հավասարազոր տրյուկ է մտածել:

Ախր, դուք այդպիսի բան չեք տեսել. ուղիղ եթերում հաղորդավարը հաղորդավարուհուն ամուսնության առաջարկ է անում /ոչինչ, որ նրանք վաղուց ընկերություն էին անում եւ վաղ թե ուշ պսակվելու էին/:

Բայց չէ, ո՞նց կլինի այդ բախտորոշ պահը հենց այնպես աննկատ անցնի, ավելի լավ է բեմադրել, ուղիղ եթերում ցուցադրել եւ հետո մի քանի րոպեանոց տեսանյութով հեղեղել համացանցը: Այսպես են մտածել Ռուբեն Ջաղինյանն ու Մարգարիտա Գրիգորյանը եւ գործի են անցել:

Այն, որ մեր հաղորդավարների մեծ մասը դերասանական վարպետությունից կաղում է, շատ թույլ են եւ եթերում նրանց  «խաղն» ահավոր կեղծ է՝ տեսնում ենք բոլորս:

Բայց դա կապ չունի, Ջաղինյանի ու Մարգարիտայի գլխում ծնված «իդեա-ֆիքսը» իրականացվել է անգամ հաշվի չառնելով վերոնշյալ հանգամանքը:

Արդյունքում տեսնում ենք վատ բեմադրված մի ներկայացում «Առավոտ լուսո»-ում /Դե, Հանրայինը ե՞րբ է պրոֆեսիոնալ ռեժիսորներ ունեցե՞լ, որ.../:

Որ «Առավոտ լուսո» հեռուստածրագիրը լսարան չունի կամ չափազանց քիչ թվով հեռուստադիտողներ են առավոտյան հետեւում այդ հաղորդմանը՝ ակնհայտ է եւ այդ մասին գիտի նույն հեռուստաընկերության ղեկավարությունը:

Բայց արդյո՞ք ուղիղ եթերում «Խոսք կապ» բեմադրելու միջոցով հնարավոր է հեռուստադիտող գրավել:

Հազիվ թե: Մանավանդ, որ ընդգծում ենք անհաջող բեմադրության «կարերը երեւում» են եւ ավելի քան պարզ է դառնում, որ ներկայացված տեսարանում առանձնապես անակնկալ չկա:

«Դերակատարները» նախապես փորձերի են մասնակցել, անգամ միզանսցեններ են ճշգրտվել եւ նույնիսկ ներկայացման ֆինալի մասին չեն մոռացել /հեռուստաընկերության աշխատակիցները տաղավար են մտնում, ծաղկեփունջ են նվիրում հարսնացուին եւ այդ ամենն անում են «անակնկալին» ավելի քան տեղյակ մարդու վստահությամբ/:

Ի դեպ, մեզ թվաց, թե ի դեմս Ջաղինյանի եւ Մարգարիտայի «քավորն» ու «քավորկինն» էլ ներս կվազեին, բայց ոչ՝ չերեւացին:

Այդքան շուտ նրանք քնից չեն արթնանում համ էլ, երեւի, շա՜տ «կզռռար», որ կատարվածը Հանրայինի վարկանիշի բարձրացմանը միտված թամաշա է: Հավանաբար, «քավորին» ու «քավորկնոջն»  առաջիկայում կտեսնենք ուղիղ եթերում «անակնկալ» կազմակերպված նշանադրության արարողությանը:

Ախր, շա՜տ «կրեատիվ» են էլի, հո զոռով չի:

Ամեն դեպքում, շնորհավորում ենք ամուսնական առագաստում հայտնվելու հայտ ներկայացրած զույգին:

Անկախ հանգամանքից, որ մեզ ցուցադրած տեսարանը բեմադրություն էր:

Ի դեպ, Հանրայինի «Ազատ գոտի» հեռուստածրագրի շրջանակներում մի անգամ քննարկում էին շատ երեխաներ ունենալու հարցը:

Հաղորդումն էլ վերնագրված էր այսպես՝ «Գնացեք եւ բազմացեք»:

Քննարկման մասնակիցներից մեկն էլ ինչ-որ մի նորելուկ երգչուհի էր, որ թեթեւ ամուսնացած էր, բայց դեռ չէր շտապում երեխաներ ունենալ:

Եվ տաղավարում էր հայտնվել պատմելու, թե ի՞նչու է հետաձգում երեխա ունենալու հարցը: Ի՞նչ վատ գաղափար է, կարելի է եւ «Ազատ գոտի» -ում բեմադրել ծննդաբերություն: Էս «ցննցող սենսացիայից» հետո է՛լ ավելի կբարձրանա Հանրայինի վարկանիշը: Այսպես թե այնպես ձանձրալի «գլամուրային» ու դեմքերի նույն շրջանակը առավոտից իրիկուն եթերում ուտում-խմում-երգում-դատարկախոսում է:

Է՛հ, թող մնացածն էլ մեր աչքի առաջ անեն, էլի…

 

Հեղինակ` Մերի Նահապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին