Բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.
«Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անչափ ոգևորող է նրա հաջողությունը եւ պարտավորեցնող այլոց համար` ապագա մրցումներում նման բարձունքներ նվաճելու համար: Շնորհավորում եմ Արթուրին եւ բոլորիս` այս մեծ հաղթանակի առթիվ: Հարգանքներս քեզ, Արթուր, դիտարժան մրցելույթ էր քո չեմպիոնական գոտեմարտը, դու ըմբշամարտի արքա ես, կեցցե'ս»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ով դուրս էր եկել 98 կգ քաշայինների եզրափակիչ, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրվա մեդալային եզրափակիչ գոտեմարտում մրցել էր գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Սպիտակ արջը, այդպես են անվանում հայ ըմբիշին, փայլուն հաղթանակ է տարել` հաղթելով 8:0 հաշվով: