▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չմասնակցել եւ բոյկոտել ընտրություն կոչված ակտը. Վահան Բադասյանի կոչը

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը կոչ է անում չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ, ըստ նրա՝ արդեն իսկ ընտրությունները կեղծված են:

Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի Հայ Ժողովուրդ.

Հայտնվել ենք բարդ եւ անելանելի վիճակում։ Բացահայտորեն կեղծված սահմանադրության համաձայն պիտի տեղի ունենան իբրեւ ընտրություններ։ Սակայն այս ընտրություններն արդեն իսկ կեղծված են սահմանադրության բռնի ընդունման պահից`երբ ԿԸՀ-ն հայտարարեց կեղծաբար,որ իբր «այո»-ն հաղթել է։ ՀՀԿ-ն գիտեր որ դաշինքներում եւ կուսակցություններում դժվար է լինելու համաձայնություն արձանագրել։ Այս սահմանադրությունը աշխարհում նմանատիպը չունի։ Այն աչքի է ընկնում իր հակաժողովրդական եւ բռնատիրական ընտրական համակարգով։ Ձեւավորվող ԱԺ-ն համամասնական է, բայց ռեյտինգային մեծամասնական է, ռեյտինգային մեծամասնական է, բայց համամասնական է։ 101 մանդատ է, բայց բոնուսային է եւ 131 է։ Ամեն ինչ արված է, որպեսզի միայն ճնշող մեծամասնությամբ հաղթի ՀՀԿ-ն եւ խոստացվել է ստվերային ձեւով ու օրինակացրած 30 տոկոս ընդիմության բաժին։ Բայց ինչ ընտրություն, երբ օրենքով տոկոս է բաժին տրվում։

Իսկ ո՞ւր է ընտրությունը, ո՞ւր է վստահության քվեի քանակը։ Մարդիկ պետք է առաջադրվեն ռեյտինգայինում եւ ամեն մեկը իր տարածքում իր հեղինակության հաշվին կուսակցության կամ դաշինքի համար քվե հավաքի ու կուսակցապետը ԱԺ ուղարկի մի այլ ցուցակ, ովքեր կարող են նույնիսկ հայտնի չլինեն ընտրողներին։ Դա արդեն իսկ դաշինքներում բերելու է առճակատման, որն էլ սկսված է։ Հատկապես ընդիմադիր դաշինքներում։

Սիրելի Ժողովուրդ ՀՀԿ-ն այս տեսանկյունից պրոբլեմ չունի եւ նա արդեն իսկ դեռ չառաջադրված, ունի իր կայուն մեծամասնությունը։ Իբրեւ սահմանադրությամբ մի խաղի կանոն են փաթաթում Ձեր վզին, ընտրություն անվան տակ, որպեսզի իրենց ազգակործան իշխանությունն ու ապազգային գործունեությունը շարունակեն։ Եվ որտեղ դուք`Սիրելի Ժողովուրդ, որեւէ դերակատարություն չեք ունենա։

Այսպիսով, արդեն իսկ ընտրությունները կեղծված են, ՀՀԿ-ին սպասարկող կուսակցությունները Ձեզ դավաճանում են հանուն իրենց կերակրամանի, իսկ մոլորված դաշինքները կամ խաբում են կամ խաբված են կամ էլ ինքնախաբեությամբ են զբաղվում։ Սիրելի Ժողովուրդ. ելքը միակն է։

Չմասնակցել եւ բոյկոտել ընտրություն կոչված ակտը։ Ամեն գնով տապալել այդ ապազգային ակցիան։ Ի նկատի պետք է ունենանք,որ ամեն օր սպառնում է մեզ թշնամի թուրքը։ Ամեն օր զոհվում են մեր զինվոր զավակները։ Իսկ մեր բարոյալքված եւ կամազուրկ քաղաքական վերնախավը զբաղված է վերարտադրությամբ իր նեղ շահի համար։ Հանուն մեր ազգային անվտանգության, հանուն նրա, որ մեր զավակները չզոհվեն եւ կայուն խաղաղություն ձեռք բերենք,պարտավոր ենք ամեն գնով ձերբազատվել ՀՀ կամազուրկ իշխանությունից եւ ձեւավորել ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։ ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂ, ՀԶՈՐ ՈՒ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին