«Հայաքվե» նախաձեռնությունը Տավուշի մարզի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է գործող իշխանություններից վերջ դնելու մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը, և հորդորում մեր բանակին և բոլոր քաղաքացիներին նախանձախնդիր և վճռական լինել երկրի պաշտպանության հարցում:
Հայտարարության տեքստում ասվում է․ «Մարտի 9-ինԱդրբեջանի բռնապետական իշխանությունը պահանջ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի չորս բնակավայրեր։ Թշնամու լկտի պահանջն է անվերապահ հանձնել այդ գյուղերը՝ նույնիսկ նախքան այդ հատվածում սահմանագծում և սահմանազատում կատարելը։
Մարտի 12-ի իր ասուլիսում Հայաստանի օկուպացիոն վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի նշած գյուղերը չեն պատկանում Հայաստանի Հանրապետությանը, չեն գտնվում Տավուշի մարզում՝ ըստ էության պատրաստակամություն հայտնելով բավարարել Բաքվի բռնապետական վարչախմբի պահանջը։
Կատարել Բաքվի պահանջը՝ նշանակում է հետ քաշել հայկական զինված ուժերը պաշտպանական կարևորագույն բնագծերից և այդպիսով թուլացնել Հայաստանի Հանրապետության առավել հուսալիորեն պաշտպանվող սահմանը։
Ընդ որում, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ ինքը բռնազավթել է հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքներ Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերից, և լկտիաբար հայտարարում է, որ մի սանտիմետր անգամ հետ չի քաշվելու իր զբաղեցրած դիրքերից։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, քանի դեռ չի արվել սահմանագծում ու սահմանազատում, որը հաստատվել է պարտադիր ուժ ունեցող համաժողովրդական հանրաքվեով, ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից, ավելին՝ ամեն ինչ կանեն վերականգնելու ՀՀ սուվերեն տարածքը։
Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 205-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ Միևնույն ժամանակ, Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ այսօր ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող ցանկացած տարածք Հայաստանի Հանրապետության տարածք է, եթե այլ բան չի որոշվել համաժողովրդական հանրաքվեով։ Ուստի Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած հատվածի զիջում այլ պետության՝ հանցագործություն է ՀՀ սահմանադրական կարգի դեմ։
Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 12-ի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի փոխվարչապետի կողմից հնչեցված բնակավայրերը Հայաստանի Հանրապետությանը չեն պատկանում,Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված ուղիղ հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա միանձնյա իրավասու չէ որոշելու, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Համոզված ենք, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո իրավապահ մարմիննները համապատասխան գնահատական կտան այս ապօրինի գործողությանը։
Մինչ այդ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը հիմք է նրան անվստահություն հայտնելու համար։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին նաև տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր գործողությունը կանխելու ձեր հնարավորությունը չօգտագործելը ձեզ ևս դարձնում է հանցակից, և զգուշացնում ենք, որ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում դուք նույնպես ապագայում պատասխան եք տալու օրենքի առաջ։
Դիմում ենք նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբին՝ Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանությունը հոգևարքի մեջ է․ նրա հեռացումը ժամանակի հարց է։ Դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգության առաջնային պատասխանատու օղակ, պարտավոր եք առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, օրենքներով և սպայի պատվով, դուք պարտավոր չեք կատարել հակապետական, հակասահմանադրական որևէ հրաման կամ հանձնարարություն։ Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի հայտարարությունից հետո հնարավոր է Ձեզ հրամայենհետ քաշել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամ դիմադրություն ցույց չտալ թշնամու ստորաբաժանումներին, եթե վերջիններս փորձեն ներխուժել ՀՀ տարածք և զբաղեցնել իրենց համար նպաստավոր դիրքեր։ Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա ոչ միայն հրամանն արձակող բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնատար անձը, այլև զինված ուժերը Հայաստանի Հանրապետության սահմանից ետ քաշելու հրաման տվող ցանկացած բարձրաստիճան զինվորական պաշտոնյա։
Դիմում ենք նաև ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանին․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանների պաշտպանությունը Ձեր ուղիղ պարտականությունն է։ Ակնկալում ենք, որ կապահովեք Հայաստանի Հանրապետության՝ Ձեզ վստահված տարածքի պատշաճ պաշտպանությունը։ Ձեզ ևս տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած հրաման ապօրինի է, և խիստ պատժի ենթակա է ոչ միայն հրամանն արձակողը, այլև այն կատարողը։
Դիմում ենք նաև մեր բոլոր քաղաքացիներին՝ ցուցաբերել ակտիվ նախաձեռնողականություն, և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներից, Ազգային Ժողովի պատգամավորներից, Զինված ուժերի և իրավապահ մարմինների աշխատակիցներից հետևողականորեն պահանջել ապահովելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կատարել սահմանադրությամբ ու օրենքով սահմանված իրենց հիմնարար պարտականությունները»։