Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին, տեղի ունեցավ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման հայաստանյան պրեմիերան: Ներկայացումից առաջ մեծ անակնկալ էր սպասվում փոքրիկ Օրրանցիներին, ովքեր հրավիրված էին պրեմիերային:
Ներկայացման պրեմիերայից առաջ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը մեծ ջերմությամբ դիմավորեց երեխաներին: Նրանք հտաքրքիր զրույց ունեցան իրենց սիրելի ներկայացումների և հերոսների մասին: Այնուհետև Մաեստրոն և Օրրանի ամենափոքրիկ սան Դիանան միասին կտրեցին տոնական տորթը, որն ամբողջապես պատրաստված էր սիրելի հերոս Չիպոլինոյի մոտիվներով:
Այս օրը իրապես հիշարժան էր. ներկայացումը իսկական նվեր է հայ մանուկների համար: Կարելի է փաստել, որ նոյեմբերի 4-ը մեծ տոն էր թե երեխաների, թե նրանց ծնողների համար, քանի որ հայ փոքրիկ հանդիսատեսը նման շքեղ ներկայացման շատ երկար էր սպասել: