Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը՝ դատավորների 10 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, հաստատեց թուրք քաղաքական գործչի խոսքի ազատության իրավունքը՝ գտնելով, որ Շվեյցարիայի դատարանները նրան սխալ էին դատապարտել Հայոց ցեղասպանության ժխտման համար:
Մեզ համար ավելի կարևոր է, որ Մեծ պալատը հակադրվեց Ստորին պալատի ՝ 2013 թ. դեկտեմբերի 17-ի անհիմն որոշմանը, որը կասկածի տակ էր առել Հայոց ցեղասպանության վավերականության փաստը: 2015 թ. հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատն ուղղեց այդ իրավասության հարցը, որոշում կայացնելով, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու «արդյոք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից, որ որևէ իրավասություն չունի իրավական հայտարարություններ անելու այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում»: Սա էր տասը դատավորների կայացրած վճիռը, որոնք քվեարկել էին հօգուտ Փերինչեքի:
Մնացած յոթ դատավորները ոչ միայն չհամաձայնեցին մեծամասնության կայացրած որոշմանը՝ ի նպաստ Փերինչեքի, այլև վերահաստատեցին Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը. «Այն, որ հայ ժողովրդի կոտորածները եւ տեղահանությունները համարվում են ցեղասպանություն, կասկածից վեր է.... Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է: Ժխտել այն, նշանակում է ժխտել ակնհայտը: Բայց սա չի վիճարկվում այստեղ: Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915 թվականի իրադարձությունների իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրն այս գործում այն է, թե արդյոք պետությունը, առանց խախտելու իր հայեցողության շրջանակը, կարող է քրեական հանցագործություն համարել ցեղասպանություն վերապրած ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է», գրել են յոթ դատավորները իրենց տարակարծությունն արտահայտող համատեղ կարծիքի մեջ:
Այնուամենայնիվ, Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են և առողջ դատողության մեջ չեն տեղավորվում: Դատավորների մեծ մասն առաջ քաշեց այն անմիաստ փաստարկը, թե քանի որ Փերինչեքի հայտարարության և 1915 թ. «ողբերգական դեպքերի» միջև 90 տարի է անցել, ապա Շվեյցարիան կարիք չուներ կարգավորելու նրա ելույթը: Ենթադրվում է, որ վաղեմության պատճառով Փերինչեքի ժխտողականությունը հայերի համար դարձել էր նվազ տագնապալից: Ինչպես մատնանշել են տարակարծիք յոթ դատավորները, մեծամասնության դիրքորոշումը խախտում է «այն սկզբունքը, որ վաղեմության ժամկետ չի կիրառվում պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ»:
Դատավորների մեծամասնությունը նաև առաջ քաշեց մի կասկածելի փաստարկ, որպեսզի արդարացնի, թե ինչու է Հոլոքոստի ժխտումը հանցանք, և ոչ թե ազատ արտահայտվելու իրավունքի խախտում: Նրանք համարում են, որ Հոլոքոստի ժխտումը «հակաժողովրդավարական գաղափարախոսություն» և «հակասեմիտիզմ» է, մինչդեռ պնդում են, որ Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը՝ «հայերի և թուրքերի միջև լուրջ բախումների» չի հանգեցրել Շվեյցարիայում: Բացի այդ, պնդել են, որ ուղիղ կապ կա Հոլոքոստի ժխտման և շատ եվրոպական «պետությունների միջև, որոնք իրենց վրա են զգացել նացիստական սարսափները», սակայն համանման կապ չեն գտել Շվեյցարիայի և Հայոց ցեղասպանության միջև:
Դատավորների նախորդ փաստարկներում առկա են մի քանի խնդիրներ.
- Որևէ ցեղասպանության հերքման գործում չպետք է լինի երկակի ստանդարտ: Եթե Հոլոքոստի ժխտումը հանցագործություն է, ապա այդպես պետք է համարվի նաև մյուս ցեղասպանությունների ժխտման դեպքում: Արտոնյալ վերաբերմունքը որոշ ցեղասպանությունների զոհերի, սակայն ոչ բոլորի հանդեպ, ամոթալի խայտառակություն է: Որպես Միացյալ Նահանգներում հրապարակվող թերթի խմբագիր, ես բնականաբար խոսքի ազատության խիստ պաշտպանվածության ամերիկյան մոտեցման ջատագովն եմ, քան ավելի սահմանափակող եվրոպական սկզբունքի: Սակայն, անկախ նրանից, թե որ իրավական համակարգին ենք հետևում՝ ցեղասպանության զոհերի միջև խտրականությունն անընդունելի է:
- Դատավորների մեծամասնությունը բազմիցս նշել են, թե քանի որ Փերինչեքի ժխտումը չի հանգեցրել հասարակական անկարգությունների հայկական համայնքի կողմից, ապա շվեյցարական դատարանները չպետք է դատապարտեին նրան: Սարսափելի է, որ նման վտանգավոր հայտարարություն անելով, Մեծ պալատը, ըստ էության, հրահրում է հայերին դիմելու բռնության, բավարարելու համար դատարանի պահանջը, որ Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է քրեականացվել միայն այն դեպքում, եթե դրան հաջորդեն որոշակի բռնարարքներ: Քանի որ Շվեյցարիայի հայերը գործել են քաղաքակիրթ ձևով, ոստիկանություն դիմելով և հայց ներկայացնելով՝ Փերինչեքի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու փոխարեն, այժմ նրանց ասում են, որ իրենց օրինական պահանջը անվավեր է, քանի որ հասարակական կարգը չեն խախտել…
- Պատմական սխալ է պնդել, որ Շցեյցարիայի և Հայոց ցեղասպանության միջև կապ գոյություն չունի: 1890 թ. ավելի քան 400 հազար շվեյցարացիներ միջնորդագիր էին ստորագրել համիդյան ջարդերի դեմ բողոքելու համար: Շվեյցարացի միսիոներներն անթիվ հայ որբերի են փրկել Ցեղասպանության ժամանակ և նրանց ապաստան տվել Շվեյցարիայում: Բարեբախտաբար, Մեծ պալատը չպահանջեց, որ Շվեյցարիան փոխի ցեղասպանության ժխտման մասին իր օրենքները, նկատի ունենալով, որ այս օրենքը պարզապես սխալ է կիրառվել Փերինչեքի պարագայում:
Հետևաբար, Հունաստանը, Կիպրոսը և Սլովակիան կարիք չունեն փոխելու Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման մասին իրենց օրենքները:
Ուրախալի է նաև, որ դատարանը մերժեց Փերինչեքի՝ 135 հազար եվրոյի վնասի և դատական ծասերի փոխհատուցման պահանջը:
Պետք է բարձր գնահատել միջազգային փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի, ինչպես նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բացառիկ ջանքերը դատարանում Հայաստանը ներկայացնելիս և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պաշտպանելիս:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի