«Այս տոնն առաջին հերթին վերաբերվում է այն վայրին, որտեղ մենք գտնվում ենք՝ Եռաբլուրին, մեր բոլոր զոհված, անհայտ կորած ազատամարտիկ ընկերներին: Նրանց թափված արյունն իզուր չի թափվել: Այսօր մենք կարողանում ենք կատարել նրանց կիսատ թողած գործը»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնումլրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝
«Մարտական գործողությունների անցած փորձով, մեր կամավորականների փորձի շաղախման և նաև այսօրվա զինվորի կամքի շնորհիվ է, որ կարողանում ենք առաջընթաց ապահովել: Այստեղ այս սուրբ վայրում գտնվելով՝ պարտավորովում ենք ամեն ինչ անել, որ 2014 թվականին, նաև ընդմիշտ հայ ժողովրդի առօրյան լինի միայն ու միայն խաղաղ պայմաններում»:
Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է:
« Մեր դիրքապահների պատրաստականության, մարտական ոգու և նրանց հրամանատարների սառնասիրտ, լուրջ, հիմնավոր որոշումների շնորհիվ մենք կարողանում ենք պահպանել մարտական հերթապահության պայմանները և հավատացնում, որ ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված կստանա, ինչպես հունվարի 20-ին»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ այս գիշեր ևս կրակոցներ են հնչել, սակայն իրավիճակը վերահսկելի է.
«ՊՆ անձնակազմն ամեն օր է պատրաստ մեր հայրենիքը պաշտպանելու: Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում փոփոխական է, բայց վերահսկելի է և նաև այդ կրակոցներն առօրյա իրականություն են մեզ համար: Մտահոգվելու կարիք չկա: Մեր ժողովրդին վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանենք, որ 2014-ը լինի խաղաղ պայմաններում»:
Հասմիկ Գյոզալյան