Տեղեկացրել էինք, որ 2012 թվականի մայիսի 14-ին ՀՀ բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն թվականի մայիսի 9-ին ճնշումների է ենթարկվել և բռնաբարվել է 32-ամյա տղամարդու կողմից: Կատարվել է նախաքննություն և գործը կարճվել է: Գործը քննող քննիչները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերել և ճնշումներ գործադրել տուժողի նկատմամբ: Ավելին, համակարգչատեխնիկական փորձաքննության է ենթարկել կասկածյալի հեռախոսը, որի արդյունքում պարզվել է, որ քննիչ Կավեյանը sms հաղորդագրություններով (ո՞նց ես, քնա՞ծ ես, ի՞նչ կա, սահմանն եմ անցնում և այլն) մտերիմ կապի մեջ է եղել բռնաբարության մեջ կասկածվողի հետ այն ժամանակ, երբ դեռ քննում էր վերջինիս վերաբերյալ քրեական գործը:
Այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում քննվել է քննիչ Կավեյանի դեմ ուղղված հայցը` կասկածյալի հետ շփումներ ունենալու, քննության ընթացքում կողմնակի անձանց բերելու վերաբերյալ: Դատը վարել է Կարինե Ղազարյանը:
«Քննիչը, հարցին, թե ի՞նչ է նշանակում այս` «Ապեր` տեսա՞ր, ուղղել եմ, տեղադրել եմ, լավ ա՞» հաղորդագրությանը, ասում է` չէ, մեքենա է ցանկացել վաճառել կասկածյալի միջոցով ու կասկածյալը նկարներ է ուղարկել: Փաստաբանն ասում է, որ նա հաղորդագրությունը ստանալուց 9 ամիս հետո է նկարներ տեղադրել: Քննիչը, թե հնարավոր է` հեռախոսի կարգավորումն այնպես անել, որ թիվը 9 ամիս հետո ցույց տա: Խորհրդակցական սենյակից 10 րոպե անց դուրս գալուց հետո էլ դատավորը ասաց, որ հին որոշումը թողնում է նույնը, քննիչը ոչնչում մեղավոր չէ, խախտում չի կատարել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը:
Վահան Մարտիրոսյանը նշում է` ՀՀ Դատախազության դիմաց բողոքի ակցիա են անելու: Նպատակը գործի վերաքննությունն է: