ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Օդից փող» հաղորդաշարն այլևս եթերում չի լինի.
«Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից»,-գրել է ԿԳ նախարարը:
«Օդից փող» հաղորդաշարը հեռարձակվում էր Հ2 հեռուստաալիքով: Այս հաղորդման ժամանակ հաղորդավարը հնչեցնում է պարզունակ հարցեր, առաջարկում հեռախոսահամար՝ զանգահարելու և հարցին պատասխանելով խոշոր գումար շահելու համար: Զանգի 1 րոպեի արժեքը 340 դրամ է: