▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն կդառնա ընդդիմության առաջնորդ, վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Այսօրվա մամուլը գրում է, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը համաձայնության են հանգել մի նախագծի շուրջ, որով նախատեսվում է պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանի կառավարությանը։ Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունը քննարկվելու է արդեն առաջիկա քառօրյայում։
Այս իրադարձությունն առնվազն մի քանի զարգացումների հնարավորություն է ստեղծում։
ԱԺ հաջորդ քառօրյան հաջորդելու է ԲՀԿ համագումարին, որտեղ էլ, ըստ ամենայնի, տեղի կունենա վարչապետի «իմփիչմենտի շնորհանդեսը»։ Դրանով ԲՀԿ-ն խորհրդարանական ընդդիմությունը ղեկավարելու հայտ է ներկայացնում։
Մյուս երեք խմբակցությունները պետք է ընդունեն Գագիկ Ծառուկյանի թիմի դոմինանտությունը կամ՝ ոչ։
ՀԱԿ-ն, առանց նախապայմանների, կնետվի Բարգավաճի գիրկը, որովհետև «գծից շեղվողներից» ազատվելուց հետո վերածվել է ԲՀԿ-ի ինտելեկտուալ ակումբի։
ՀՅԴ-ի համար այս նախաձեռնությունը նոր բազարների դաշտ է բացում։ Օրինակ, կարելի է մի քիչ ուժեղացնել քննադատական հռետորաբանությունը, մի քանի դիվանագիտական պաշտոն ստանալ, հետո հայտարարել, որ այս պահին՝ մարտավարական իմաստով, վարչապետի պաշտոնանկությունն արդարացված չէ։
«Ժառանգությունն»՝ իր հաղթանակած, խմբակային երդված ու աղոթած, բայց Բաղրամյան 26 չգնացած նախագահով, դեմ է ԲՀԿ-ի ընդդիմադիր լիդերությանն ու դնում է «ամբողջական իշխանափոխության». հարց՝ լավ գիտակցելո՞վ, որ ԲՀԿ-ն երբեք չի բարձրաձայնի «նախագահ ջան»-ի հրաժարականի պահանջը։
Բայց եթե նույնիսկ ընդդիմադիր քառյակը մի միասնական երգ կատարի, ունեցած-չունեցածը մի 50-55 ձայն է, որով վարչապետին թոշակի ուղարկել չի կարող։
ՀՀԿ-ի ոչ մի թև խաղեր չի տա, որովհետև այս պահին Սերժ Սարգսյանը կառավարություն փոխելու մտադրություն չունի։
Այլ խնդիր է, թե ի՞նչ վարքագիծ կցուցաբերի հանրապետական մեծամասնությունը՝ միայն կոճակո՞վ, թե նաև ակտիվ ելույթներով կաջակցի վարչապետին։
Այս հարցի պատասխանն էական է՝ ներիշխանական զարգացումների տրամաբանությունը հասկանալու համար։
Բայց շատ հնարավոր է, որ շուտով իշխանություն-ընդդիմություն հակադրության խորհրդանիշները դառնան Տիգրան Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին