Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում նոյեմբերի ամսվա համար չվճարված, ինչպես նաև դեկտեմբերի աշխատավարձը փորձում են «բնամթերք»-ով փակել: Հեռուստաընկերության աշխատակիցներին առաջարկվում է «Հայասի»-ի ընկերության արտադրանքը` պահածոներ, կոմպոտներ, խմիչքներ: Ավելին` աշխատակիցներին տրվելու է ցուցակ, որի միջոցով և ըստ աշխատավարձի չափի` ընտրելու են իրենց հասանելիք ապրանքը:
Նման «շռայլ» վարձատրությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ իր արտադրանքը Ռուսաստան արտահանած «Հայասի» ընկերությունը՝ ռուբլու արժեզրկման հետևանքով ֆինանսական մեծ վնասներ է կրել:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` աշխատավարձի դիմաց «բնամթերք» առաջարկելու հրահանգը հենց Արթուր Բաղդասարյանինն է եղել:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ հարկավոր է դիմել Հ3, քանի որ ինքը որևէ առնչություն չունի տվյալ հեռուստաընկերության հետ: Մեր թղթակիցը փորձեց պարզաբանումներ ստանալ Հ3 հեռուստաընկերությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: