«Ծնողները իներցիայիով շարունակում են երեխներին ուղարկել ԲՈՒՀ` հեղինակավոր մասնագիտություններ ուսանելու: Սա պետք է կոտրել: Իսկ 12-ամյա կրթության նպատակն է` մասնագիտական ընտրության դեպքում կողմնորոշվելու հնարավորություն տալ»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պարտադիր 12-ամյա կրթության և լուծման ենթակա խնդիրների մասին` ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը` հավելելով, որ երեխան անձամբ պետք է ուսումնասիրի աշխատաշուկան, ճանաչի իր ուժեղ կամ թույլ կողմերը և ընտրի համապատասխան մասնագիտությունը:
Իսկ, մինչ մասնագիտության ընտրությունը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը կարևորում է նախամասնագիտական կրթությունը:
«Կա ավագ դպրոցի մասին Կառավարության ընդունած ռազմավարությունը, իսկ ռազմավարական ծրագրում գրված չէ` ինչպես անել: Քթածակով են աշխատում. ով ինչպես ուզում` անում է»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի, 18-ամյա տղաները նախ պետք է ծառայեն բանակում, ապա նոր կրթություն ստանան:
«Ինձ ասում են` բանակից հետո չեն սովորում: Սովորողը բանակից հետո էլ կսովորի: Եթե չեն սովորում` ուրեմն «խցկվել են»»,-նկատեց բանախոսը:
Ինչ վերաբերում է դպրոցներում ուսուցիչների կրճատմանը, Անահիտ Բախշյանը նշում է`
«Այն իրականացվում է ուղղահայաց, կոշտ խախտումներով: Միայն 2003 թվականին աշխատանքից ազատվել է 3667 ուսուցիչ, իսկ մինչև 2007 թվականը` 3159: Սա միայն Զբաղվածության կենտրոնում գրանցվածների դեպքում: Գյուղերում դպրոցները դարձել են գերդաստանների աշխատավայր: Վայոց Ձորի գյուղերից մեկում կար բարձրագույն կրթությամբ մեկ ուսուցչուհի, որին կրճատել են: Դատը շահել է, տնօրենը աշխատանքի չի ընդունում»,-ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը:
Անի Կարապետյան