▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարբարոսություն

Ինձ վայել չէ նման հայտարարություններ անել, բայց ստիպված եմ արդեն, հետո ուշ կլինի: Ուրեմն. մի քանի համառ եւ ռազմաշունչ կանայք ուզում են ինձ գերեւարել, երեւի տանել` չարչաչել, չգիտեմ` ո՞ր մեղքերիս համար, եւ` հերթով: Ֆեյսը եւ հեռախոսը ընտրել են կապի, կամ ավելի ճիշտ` կապակցման լավագույն միջոց, հետո կարծելով, որ ես զառամյալ մարդու հորինովի տպավորություն եմ ուզում թողնել, այդ նույն գործիքները վերածել են խոշտանգման միջոցների, զանգել` կախելուց սկսած, չատով ահաբեկություններով վերջացրած: Ոչ մի բացատրությունս բանի տեղ չի անցնում: Ասում եմ` հայրենիքիս եմ ծառայում, խնդում են, ասում եմ` ժամանակ չունեմ, քմծիծաղում են, սկսում են իրենց կասկածների ու խանդի թիրախներին թվել ու նզովել, ասում եմ` իմպոտենտ եմ, լուրջ չեն ընդունում, ասում են, դու, որ իմպոտենտ ես, ես (մենք) լեսբուհի ենք, մեկին ասի` գեյ եմ, արձագանքեց` թե, հա, ես էլ` ռազվադնոյ կլուչ եմ...

Իսկական` ինքիշխանության համար պայքար, համարյա Կուբա: Բայց սա վերջը չէ: Զգուշացնում եմ, որ շարունակեցին` բլոկ եմ անելու, երկու օր դիմանում են, հետո շարունակում են, բլոկ եմ անում, 15 րոպեից նոր պրոֆիլ բացած` սկսվում է նոր կինո, մարդ կա` արդեն վեց հատ պրոֆիլ է բացել, ու` ստիպված բոլոր ֆեյքերը բացահայտել է դրանցից նույն բաները ղրկելով ինձ, ձեռագրերն արդեն գիտեմ, գործի բերումով պարտավոր եմ ամեն ծլնգոց կարդալ: Զանգերին չեմ պատասխանում, նոր համար են հանում` զանգում, ես էլ բոլոր անծանոթ համարներին պատասխանում եմ, բարի եմ, մտածում եմ` մեկին երեւի օգնություն է հարկավոր, պարզվում է` էլի իրենք են, հիմա ռիսկ կա, որ ինձ կառեւանգեն` տանեն ծեծելու, եղունգներս քաշեն, ճակատիս իրենց անունները խարանեն, մեղքը սերժիկների վրա գցեն: Հիմա էլ երեւի նստած կարդում` կատաղում են ու` քթների տակ խնդմնդում, եւ երեւի մեծ բարեբախտություն է, որ իրար չեն ճանաչում, գուցե կռահում են իրար, սկսում են հեռվանց ճանաչել, բայց հայ-թուրքական հարաբերությունների օրն են ընկել, լարված են, չգիտեն` որ մեկի հետ դաշնակցեն-չդաշնակցեն ու` միջների քուրդը ով է ...

Մեկ ամիս է` արդեն բողոքներ եմ ստանում ընկերներիցս` տղամարդկանցից: Ասում են, որ այս նույն տեռորիստ կնանիք սկսել են իրենց քարկոծել, որ չեն կարողանում ինձ ... կոտրել, ամմմման, իբր` պարտավոր էին: Ես` ինչքան բլոկ եմ անում, էնքան ավելի մեծ թափով են հարձակվում ընկերներիս վրա, թե դուք ի՞նչ ընկեր, որ Լեւոնին այդպես դժբախտ եք թողնում, կնիկն` էղավ 5 տարի է չկա, չեք մտածում` նշանեք, «հողեեեերս գլխներիդ ...», մոտավորապես: Արդեն սպառնում են` բողոքի ցույցեր անել Ակումբի առաջ ու ճամփաս փակել, լուրջ: Ես էլ չեմ հասկանում իսկականից` ես ինչ եմ ինձնից ներկայացնում, որ էդ կանայք ուզում են ինձ մեկուսացնել հասարակությունից, մեկին, ինչ մեղքս թաքցնեմ` լավ քրֆեցի, մյուս օրը sms ղրկեց.«qaxcrs lav e ?...», գորիկենք էլ կարդացած կլնեն..., ես ամենաջահել ժամանակներս սիրածներիս «քաղցր» չեմ ասել, ու ինչպես կարող է 116 կիլանոց, անթրաշ, հոգեգար, անկյալ, քնկոտ, շատակեր, բայց տորթի կրեմ չուտող անձնավորությունը քաղցր լինել, սա ի՞նչ բարբարոսություն է, այ մարդ ...

Էն, որ կանաց իրավունքներն են պաշտպանում, դրա հակառակը չկա՞, ինչու ինձ ոչ ոք չի խղճում, այդ ռազմաշունչ կանանցից, ախր, ամեն ինչ սպասելի է, սկզբում ասում են «Չեմ խանգարու՞մ», հետո` թե «երազումս եմ տեսել...», ավելի ուշ` «սա սեր է, Սեր, ուրիշ է՞լ ինչ...», հետո` ուզում են տանել պադվալ, ես էլ ծովափին արդեն չեմ տեղավորվում, պադվալներում ինչպե՞ս պիտի տեղավորվեմ, սա ի՞նչ վերաբերմունք է, մեկ-մեկ մտածում եմ, որ ես, երեւի, ինչ-ինչ հանգամանքներում թեթեւ վարք եմ ցուցաբերել, աղոտ հիշում եմ, որ ժամանակին օրական երեք թե հինգ հոգու ծոց էի մտնում` գետինը մտնես, ստոոոոոր, թիվը կենտ էր` ճիշտ չեմ հիշում, չգիտեմ` ում ինչ էի ուզում ապացուցել, ֆեյսում սեռական բնույթի մտքեր ունեմ որոշ պագոնավորների եւ երկոտանիների մասին, այ մարդ, մորուք էլ պահեցինք` չպրծանք, ասում եմ` պապ եմ, իջեք վրայիցս` այսինքն, ասում են` ավելի լաաավ, կարո՞ղ է` 25-30 տարվա մեղքերս են ելնում դեմս, բայց ես բավականաչափ հատուցած պիտի լինեմ` իմ հիշելով: Թե՞ դա ուրիշ դավթար էր:

Համարյա ամեն ուրբաթ հիշում եմ այն հինավուրց անեկդոտը, երբ մարդամեկը ամեն օր գնում է բժշկի, թե.- բժիշկ, կռավատիս տակ կոկորդիլոս կա,-բժիշկը մտածում է, թե սա իրեն ձեռ է առնում, ամեն անգամ վռնդում է, սա ամեն օր գալիս է, ամեն օր վռնդվում է, ու էլ չի գալիս: Մի օր էս բժշկի միտքն է ընկնում, ասում է` գնամ տեսնեմ` ինչ հաշիվ է, ընչի չկա: Գնում է թողած հասցեով, մի օրբեւերի կնիկ է դուռը բացում` մինչեւ կոճերը սեւավոր, բժիշկն հարցնում է.-Բարսեղյան Լեւոնն ստե՞ղ կապրի:-Էս կնիկը փլվում է.-չէէէէ~է, էլ չի ապրի, կոկորդիլոսը կերա~ա~ա~ա~ավ... (Ասա` այ ախմախ, որ կռավատիդ տակ կոկորդիլոս կա` բժիշկն ի՞նչ մեղք ունի:)

Համարեք սա իմ ամենահամեստ խոստովանությունը գոյությանս, սպառնալիքների ու արդի ամենաանմարդկային բարբարոսության մասին, հետո չասեք, թե չէի զգուշացրել, հետո, երբ Ասպարեզ ակումբը խորհրդի նախագահ չունեցավ, երբ «Ասպարեզ» օրաթերթը խմբագիր չունեցավ, երբ օչխար մորթող-խաշլամա սարքող չունեցաք, երբ գայիշնիկներն էլի սկսեցին համը հանել, իսկ հարկազխտիկների ելույթների ֆաբուլայից մի գրանտակեր պակասեց, երբ ֆեյսիս պատի վրա սրա-նրա գցած վիրուսները մաքրող չեղավ, չասեք` էս ուրա՞նիգ է: Ջհանդամն է, ուրեմն, կերել են էն ահարկու կանայք, որոնք հալածում էին իրեն երեւի արդեն մանկապարտեզից, թե` ինչ մեղք ունեի` էկա ձեր անիրավ աշխարհը: Օգնեք ինձ, մի անուշ ու մխիթարիչ խոսք ասեք, գնամ հանգիստ քնեմ, վերջը` վերջով:

Լևոն Բարսեղյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին